Ամիր Աբդոլլահյան․Կշարունակենք քաղաքական աջակցություն ցուցաբերել Դիմադրությանը
Նշելով, որ ներգրավված չենք եղել ՀԱՄԱՍ-ի գործողության մեջ, և դա ամբողջովին պաղեստինյան որոշում է, ԻԻՀ արտգործնախարարն ընդգծել է.-Կշարունակենք զավթողականության դեմ քաղաքական աջակցություն ցուցաբերել Դիմադրությանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Շվեյցարիայի Ժնև քաղաքում CBS News-ին տված հարցազրույցում Գազայի հատվածում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ասել է.-Տարածաշրջանի ամերիկյան բոլոր բազաներից իսրայելական ռեժիմին տրամադրվում են պատերազմի զենքեր, այդ թվում՝ արգելված զենքեր, ինչը նշանակում է, որ ԱՄՆ-ը ակնհայտորեն ներգրավված է Գազայի դեմ պատերազմի և Գազայի ցեղասպանության մեջ։
Նա նշել, որ հութիները Եմենի հասարակության և ներկայիս քաղաքական համակարգի կարևոր մասն են, և նրանք որոշումներ են կայացնում և գործում իրենց շահերի շրջանակներում, թեև հստակ նշել են, որ անտարբեր չեն լինելու Գազայում ցեղասպանության նկատմամբ։
Իրանի արտգործնախարարն ասել է․-Իրաքում և Սիրիայում ԱՄՆ-ի շահերի դեմ գործած խմբավորումները կայացրել են իրենց որոշումները և գործել իրենց եզրակացությունների և որոշումների հիման վրա։
Աբդոլլահյանի խոսքով՝ Սպիտակ տունը ուղերձ է հղում Իրանին և ասում, որ չի ձգտում ընդլայնել պատերազմի շրջանակը և փորձում է մարդասիրական օգնություն ուղարկել և դադարեցնել պատերազմը հումանիտար ճանապարհով, սակայն մինչ այս պահը ԱՄՆ-ը երբեք չի դրսևորել պատերազմը դադարեցնելու իր վճռականությունը, այլև մեծացրել է պատերազմի ինտենսիվությունը, հետևաբար ԱՄՆ-ը պետք է պատասխանատվություն ստանձնի դրա համար:
Աբդոլլահյանը նշել է, որ օկուպացված տարածքներն ունեն իրենց օրենքները միջազգային իրավունքի տրամաբանության մեջ, և ըստ միջազգային իրավունքի, օկուպացված երկրի ժողովուրդը կարող է նույնիսկ զինված պատերազմի մեջ մտնել՝ պաշտպանվելու համար, սակայն մենք զավթողականության դեմ պաղեստինյան ազատագրական խմբավորում՝ ՀԱՄԱՍ-ի գործողությունները համարում ենք լիովին միջազգային իրավունքի շրջանակներում։
Իսրայելը օկուպացիոն տերություն է: Միջազգային իրավունքը, որը գրվել է ԱՄՆ-ում և Արևմուտքում, օկուպացված երկրի քաղաքացիներին իրավունք է տալիս զենք կրել և պաշտպանվել։ Եթե Գազայում պատերազմն ու ցեղասպանությունը շարունակվեն, պատերազմի շրջանակների ընդլայնումն անխուսափելի է լինելու,-ասել է ԻԻՀ արտգործնախարարը։