Ամիր Աբդոլլահյան. ԱՄՆ-ն պետք է դադարի աջակցել իսրայելցի հանցագործներին
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլայանն ասել է. «Զգուշացնում ենք պատերազմ հրահրողներին, ովքեր փորձում են ընդլայնել Գազայում և Հորդանան գետի Արևմտյան ափին պատերազմի ծավալները. քանի դեռ ուշ չէ, ԱՄՆ-ն պետք է անմիջապես դադարի աջակցել իսրայելցի հանցագործներին»:
Կիրակի օրն Օմանի ԱԳ նախարար Բադր Ալբուսաիդիի հետ համատեղ մամուլի ասուլիսում Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Շաբաթ օրը Դիմադրության առաջնորդներն ասում էին, որ եթե այս իրավիճակը շարունակվի, ապա տարածաշրջանը կթևակոխի նոր փուլ: Պատերազմի տարածումը տարածաշրջանում կանխատեսելի է, և մենք պատերազմի ձգտող բոլոր կողմերին, հորդորում ենք՝ քանի դեռ ուշ չէ, վերջ դնել այս սպանդին»:
Նա նշել է. «Սիոնիստական ռեժիմը նպատակ ունի Գազայի բոլոր բնակիչներին տեղափոխել Եգիպտոս, իսկ Արևմտյան ափի բոլոր բնակիչներին՝ Հորդանան: Եվ մենք հուսով ենք, որ Եգիպտոսի մեր եղբայրները քայլեր կձեռնարկեն Ռաֆահի սահմանը վերաբացելու և Իսրայելի այս դավադրության իրականացումը կանխելու համար»:
Ամիր Աբդոլլահյանն ասել է. «Սիոնիստական ռեժիմի պաշտոնյաներին պատասխանատվության կանչելու նպատակով միջազգային դատարանի ստեղծումը հանրային պահանջ է, և այդ կապակցությամբ բողոքներ են ներկայացվել որոշ կառավարությունների կողմից, այդ թվում՝ Իրանի: Մենք հուսով ենք, որ կտեսնենք պատերազմական հանցագործների դատավարությունը, ովքեր վերջին երկու ամսում 16 հազարից ավելի մարդ են սպանել»: