Իրանցի փորձագետը կարևորում է գիտական դիվանագիտությունը խաղաղության կերտման գործում
https://parstoday.ir/hy/news/iran-i210290-Իրանցի_փորձագետը_կարևորում_է_գիտական_դիվանագիտությունը_խաղաղության_կերտման_գործում
 Իրանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի միջազգային հարցերով խորհրդական Ալիրեզա Քուհքանի համոզմամբ՝ խաղաղության կերտման կարևորագույն գործիք կարող են հանդիսանալ գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2023 13:19 Asia/Tehran
  • Իրանցի փորձագետը կարևորում է գիտական դիվանագիտությունը խաղաղության կերտման գործում

 Իրանի նախագահի աշխատակազմի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենի միջազգային հարցերով խորհրդական Ալիրեզա Քուհքանի համոզմամբ՝ խաղաղության կերտման կարևորագույն գործիք կարող են հանդիսանալ գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայկական, իրանական, հնդկական, վրացական և թուրքական վերլուծական կենտրոնների փորձագետների մասնակցությամբ դեկտեմբերի 4-ին Երևանում անցկացված «Տարածաշրջանային նոր իրողությունները և «Խաղաղության խաչմերուկը» խորագրով համաժողովում, իրանցի փորձագետն անդրադառնալով Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի հարաբերությունների զարգացմանն ու տարածաշրջանում խաղաղություն կերտելու հեռանկարներին, կարևորեց սոցիալական կապերի ամրապնդումը, մարդկանց միջև հարաբերությունների, փոխվստահության զարգացումը, ինչին հասնելու  կարևորագույն գործիքը նա համարում է գիտությունն ու գիտական դիվանագիտությունը։

«Խաղաղության խաչմերուկը» ֆիզիկական միջանցքներից վեր դասվող գաղափարախոսություն է, որին հասնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել նաև գիտական դիվանագիտության և սոցիալական փոխկապակցվածության հնարավորությունները՝ որպես համակողմանի արահետներ դեպի ներդաշնակության ու փոխըմբռնման խթանում»,-համոզմունք հայտնեց նա՝ հավելելով, որ թեև գիտությունն ու խաղաղությունը հաճախ չեն արծարծվում նույն համատեքստում, սակայն գիտությունը կարող է կենսական դեր խաղալ և պայմաններ ստեղծել խաղաղության կերտման ճանապարհին։

«Նոր առաջացող հակամարտությունների դարաշրջանում անհրաժեշտ է ընդգրկել գիտական համայնքին այս գործընթացում՝ վստահ լինելով, որ վերջինս կարձագանքի մեր բազմաշերտ մարտահրավերներին՝ օգնելով հաղթահարել դրանք»,-պարզաբանեց փորձագետը՝ մանրամասնելով, որ ասվածը վերաբերում է գիտական դիվանագիտության ու փոխգործակցության օգտագործմանն  ազգերի միջև ընդհանուր խնդիրների կարգավորման և կառուցողական միջազգային գործընկերություն ձևավորելու համար։

Անդրադառնալով տարածաշրջանում այդ առումով  առկա գործիքներին ու հնարավորություններին, նա դրանցից առաջինը նշեց ուսանողների ներգրավումն ու փոխանակումը՝ հավաստիացնելով, որ Իրանը պատրաստ է հյուրընկալել ուսանողների։

Երկրորդ ուղղությունը, ըստ բանախոսի, փոխանակման ծրագրերի իրականացումն է, այդ թվում՝ ակադեմիական, վարչական, գիտական հաստատությունների  անձնակազմերի ընդգրկմամբ։

«Խոսքը վերաբերում է համատեղ ծրագրերի իրականացմանը, հրապարակումներին։ Սա իրապես հնարավոր է և բարենպաստ միջավայր կա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի համալսարանների համար։ Այստեղ ընդգրկված են հնարավորություններ ուսումնառության, փորձի փոխանակման,փոխգործակցային գիտական գործունեության, ինչպես նաև գիտատեխնիկական աշխատանքի արդյունքներով, բացահայտումներով կիսվելու տեսանկյունից»,-ընդհանրացրեց Ալիրեզա Քուհքանը։