Մայիս 22, 2024 15:15 Asia/Tehran
  • Իմամ Խամենեի. Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման քաղաքականությունը շարունակվում է

Pars Today-ի փոխանցմամբ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր կեսօրից առաջ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի ժողովրդի և կառավարության վշտակցությունն ու կարեկցանքը։

Իմամ Խամենեին այս հանդիպմանը, երախտագիտություն հայտնելով Հայաստանի վարչապետի արտահայտած կարեկցանքի համար, մատնանշեց Իրանի և Հայաստանի պատմաաշխարհագրական ընդհանրություններն ու ընդհանուր շահերը՝ ասելով, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքականությունը Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնման հարցում կշարունակվի նաև պարոն Մոխբերի ղեկավարությամբ։

Իսլամական հեղափոխության առաջնորդը, անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների ռազմավարական բնույթի վրա Հայաստանի վարչապետի շեշտադրմանը, հավելեց. «Համագործակցության ընդլայնման իմ շեշտադրումն էլ վերաբերում է հարաբերությունների ռազմավարական բնույթին, բայց կարևորն այն է, որ Իրանի և Հայաստանի հարաբերություններն ունեն ընդդիմացողներ, այդ իսկ պատճառով երկու երկրներին առնչվող հարցերը պետք է իրականացվեն խնամքով և ճշգրտությամբ»։

Իմամ Խամենեին նշեց. «Մեր հանգուցյալ նախագահը շատ զգայուն էր Հայաստանի հետ կապված սահմանային խնդիրների և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ, և այդ զգայունությունն ու հոգսերը դեռևս պետք է հաշվի առնվեն, և մենք պետք է կարողանանք ինքներս ապահովել մեր սեփական շահերը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես այս հանդիպմանն ասաց. «Մենք ցնցված և ապշած էինք՝ լսելով ավիավթարի հետևանքով Իրանի նախագահի, ԱԳ նախարարի և նրանց ուղեկիցների մահվան բոթը, սակայն, ինչպես ասացիք, Ձերդ գերազանցություն, վստահ ենք, որ ձեր առաջնորդությամբ և ղեկավարությամբ, Իրանի գործերում որևէ խափանում չի առաջանա»։