Իմամ Խամենեի․ Թող Աստված Իրանի ժողովրդին տա լավագույն ընտրությունն անելու հնարավորություն
ԻԻՀ առաջնորդը հայտարարել է, որ Իրանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը շատ կարևոր է։
Իրանի նվիրատվությունների կառավարման կազմակերպության նոր ղեկավարի, նահատակ Մոթարհարիի ավագ դպրոցի տնօրինության և մի խումբ ուսուցիչների հետ հանդիպման ժամանակ, ԻԻՀ առաջնորդը կարևորել է ընտրություններին ժողովրդի մասնակցությունը, հավելելով, որ որքան այն բարձր լինի, այնքան համակարգը ավելի մեծ հնարավորություն կունենա իրականացնել երկրի ռազմավարական զարգացմանն ուղղված նպատակները։
Այաթոլլահ Խամենեին նշել է, որ ընտրությունների առաջին փուլին մասնակցությունը սպասվածից շատ ցածր էր, հավելելով․ «Դա ունի պատճառներ, որոնք ուսումնասիրվում են քաղաքական գործիչների և սոցիոլոգների կողմից»։
Նշելով, որ սխալ է այն կարծիքը, որ եթե քաղաքացին չի մասնակցել ընտրությունների առաջին փուլին, ուրեմն դեմ է համակարգին, առաջնորդն ասել է․ «Հնարավոր է, որ քաղաքացիներից ոմանց դուր չգա որևէ պաշտոնյա կամ նույնիսկ իսլամական համակարգը, և նրանք ազատորեն արտահայտում են իրենց դիրքորոշումը։ Սակայն այն կարծիքը, թե ով չի մասնակցել ընտրություններին կապ ունի նշված անձանց հետ, սխալ է»։
Առաջնորդի խոսքով․ «Շատերն ընտրություններին չեն մասնակցել տարբեր պատճառներով, սակայն Աստծո հույսով, ընտրությունների երկրորդ փուլում մասնակցության ցուցանիշը բարձր կլինի և դա կմեծացնի համակարգի հեղինակությունը»։
Այաթոլլահ Խամենեին հույս է հայտնել, որ Աստված ժողովրդին կտա լավագույն ընտրությունն անելու հնարավորութուն և ընտրված նախագահը կիրականացնի համակարգի ու ժողովրդի նպատակները։
Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացավ հունիսի 28-ին, Իրանի 59 հազար ընտրատեղամասերում և աշխարհի 95 երկրներում։
Երկրորդ փուլը, որի ընթացքում մրցակցելու են Մասուդ Փեզեշկյանը և Սաիդ Ջալիլին, կկայանա հուլիսի 5-ին։