Իրանի նորընտիր նախագահը հեռախոսազրույցներ է ունեցել իր օտարերկյա գործընկերների հետ
Սիրիայի նախագահի հետ հեռախոսազրույցում ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ երկու երկրների հարաբերություններն ունեն ամուր հիմքեր, հավելելով․ «Երկկողմ համագործակցության զարգացումն Իրանի ռազմավարական քաղաքականությունն է։ Իրանը շարունակելու է այս ռազմավարությունը, և երկու կողմերի հարաբերություններն ավելի են ամրապնդվելու»։
«Ֆարս» գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի հետ հեռախոսազրույցում, Մասուդ Փեզեշկյանը շնորհակալություն է հայտնել իր ընտրվելու կապակցությամբ շնորհավորանքի համար և անդրադառնալով երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, կարևորել է դրանց իրագործոմանն ուղղված ջանքերը։
Փեզեշկյանն ասել է․ «ԻԻՀ քաղաքականությունն իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի առաջնորդությամբ և ցուցումներով, շարունակելու է հիմնված լինել Պաղեստինին, Դիմադրության առանցքին և Սիրիայի ժողովրդին ու կառավարությանը՝ որպես Իրանի ռազմավարական դաշնակից, աջակցելու վրա»:
Նշելով, որ Իրանը հնամյա պատմություն ունեցող և մեծ ձեռքբերումներ գրանցած երկիր է, Բաշար ալ-Ասադն ասել է․ «Թեհրանի և Դամասկոսի հարաբերությունները շատ ամուր են և հիմնված դժվար ժամանակներում փոխադարձ աջակցության վրա։ Ինչպես Սիրիան աջակցեց Իրանին՝ Իրաքի կողմից պարտադրված պատերազմի ժամանակ, Իսլամական Հանրապետությունը նույնպես աջակցեց Դամասկոսին՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ»։
Ասադի խոսքով, Իրան-Սիրիա հարաբերությունները նպաստում են տարածաշրջանի կայունությանը և կանխում արտաքին գերիշխանությունը։
Սիրիայի նախագահն ասել է․ «Կառավարության համագործակցությամբ Դուք ջանքեր կգործադրեք՝ ամրապնդելու այդ հարաբերությունները»։
Փեզեշկյանը հեռախոսազրույց է ունեցել նաև Վենեսուելայի նախագահի հետ։ Վերջինս ցանկություն է հայտնել շարունակել համագործակցությունը երկու երկրների միջև և ամրապնդել ռազմավարական հարաբերությունները։
Վենեսուելայի նախագահի գրասենյակից հայտնում են, որ հեռախոսազրույցում կողմերը ցանկություն են հայտնել շարունակել համագործակցությունը՝ ամրապնդելու երկարաժամկետ ռազմավարական հարաբերությունները և այդ կապակցությամբ անցկացնել բարձր մակարդակի հանդիպում։
Ինդոնեզիայի նախագահը նույնպես շնորհավորել է Մասուդ Փեզեշկյանին՝ ԻԻՀ 9-րդ նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Ջոկո Վիդոդոն X-ի իր անձնական էջում շնորհավորել է Մասուդ Փեզեշկյանին և նշել․ «Ինդոնեզիայի և Իրանի համագործակցությունը Մասուդ Փեզեշկյանի նախագահության օրոք էլ ավելի կզարգանա։ Իրանը կարող է մեծացնել իր ներդրումը համաշխարհային խաղաղության գործում»։