Թեհրանի հրեաների միությունը դատապարտել է Իսմայիլ Հանիեի սպանությունը
Թեհրանի հրեաների միությունը դատապարտել է Իսմայիլ Հանիեյի սպանությունը և կոչ արել վճռական պատասխան տալ այդ հանցագործությանը։
«Մեհր» գործակալության փոխանցմամբ՝ դատապարտելով Իսմայիլ Հանիեյի սպանությունը, Թեհրանի հրեաների միությունն այն որակել է որպես ահաբեկչություն և միջազգային օրենքների խախտում։
Հայտարարության մեջ ասվում է․ «Այս մոջահեդ նահատակի նկատմամբ, ով Երուսաղեմի ազատագրական շարժման դրոշակակիրներից էր, բազմաթիվ մահափորձեր են կատարվել, և անգամ ընտանիքի անդամներին կորցնելուց հետո նա չի դադարել դիմադրել և պաշտպանել Գազայի ճնշված ժողովրդին։ Սակայն սիոնիստները սպանեցին նրան՝ Թեհրանում իրականացված հարձակման ժամանակ»։
ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեյի՝ Թեհրանում գտնվող կացության վայրի վրա հուլիսի 31-ին իրականացված հարձակման հետևանքով, Հանիեն և նրա թիկնապահներից մեկը նահատակվեցին։