Իրան. ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու պնդումն անհիմն է
ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը մերժել է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Թեհրանի միջամտության մասին պնդումը և անհիմն է համարել։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը ԱՄՆ-ի 2024 թվականի նախագահական ընտրություններին Թեհրանի միջամտության վերաբերյալ ամերիկյան հետախուզական և կիբեր հաստատությունների պնդման մասին ասել է․- Եթե ԱՄՆ-ի կառավարությունն անկեղծ է 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին Թեհրանի միջամտության մասին իր պնդումներում, ապա պետք է իր ապացույցները ներկայացնի ՄԱԿ-ին։
Ավելի վաղ, ՀԴԲ-ն և ԱՄՆ մի քանի այլ հետախուզական գործակալություններ համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ Իրանը դերակատար է եղել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի ընտրական շտաբի դեմ կիբեր միջամտություն կատարելու գործում, ինչպես նաև փորձել է կոտրել դեմոկրատ թեկնածու՝ Կամալա Հարիսի ընտրական շտաբի կայքը։
Ավելի վաղ, ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցչությունը, պատասխանելով կիբերհարձակումների միջոցով ԱՄՆ-ի ընտրություններին Իրանի միջամտության մասին «Microsoft»-ի զեկույցին, հայտարարել էր, որ Իրանը դարձել է իր ենթակառուցվածքների, հանրային սպասարկման կենտրոնների և արդյունաբերության դեմ ուղղված տարբեր կիբերհարձակումների զոհը։
Երեքշաբթի՝ 2024 թվականի նոյեմբերի 5-ին, ամերիկացիները կգնան ընտրատեղամասեր՝ ընտրելու Միացյալ Նահանգների հաջորդ նախագահին։
Այս ընտրությունների հաղթողը նախագահի պաշտոնում իր քառամյա շրջանը կսկսի 2025 թվականի հունվարից։