Քանանի. Միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում
Պատասխանելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հետախուզության կոմիտեի ղեկավար Մայք Թերների՝ Իրանի կողմից միջուկային զենք ստեղծելու վերաբերյալ հայտարարության մասին հարցին, ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է. «Միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանական դոկտրինում»։
Քանանին հավելել է․ «Իրանի ռազմավարությունը միջուկային էներգիայի խաղաղ օգտագործումն է՝ կարիքներին և զարգացման ծրագրերին համապատասխան, Միջուկային զենքի չտարածման պայմանագրի և Համապարփակ անվտանգության համաձայնագրով սահմանված միջազգային իրավունքների ու պարտավորությունների հիմամբ»։
Կրկնելով, որ միջուկային զենքը տեղ չունի Իրանի պաշտպանության և անվտանգության դոկտրինում, Քանանին հավելել է․ «Նման անհիմն պնդումները, որ տասնամյակներ շարունակ հնչեցվում են ամերիկացի պաշտոնյաների կողմից, փորձ են՝ ռազմական բնույթ տալ Իրանի խաղաղ միջուկային ծրագրին և համահունչ են սիոնիստների իրանաֆոբ քաղաքականությանը»։
Նշելով, որ ամերիկացիների ու սիոնիստների այս քաղաքականությունը երկար պատմություն ունի, Քանանին ասել է․ «Իրանը որևէ նշանակություն չի տալիս նման հայտարարություններին ու պնդումներին։ Դրանք հիմնականում հնչում են ԱՄՆ նախընտրական քարոզարշավների շրջանում և ունեն քարոզչական նպատակներ»։
ԻԻՀ ԱԳՆ խոսնակն ասել է․ «Չպետք է մոռանալ, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ներկայիս իրավիճակը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի և անօրինական դուրս գալու և ՄԱԿ-ի ԱԽ 2231 բանաձևի բոլոր դրույթների խախտման հետևանքն է, և նման պնդումներով մեղավորների ու տուժողի տեղերը չեն կարող փոխվել»։
Քանանիի խոսքով․ «ԱՄՆ-ն պետք է հասկանա, որ հակաիրանական մեղադրանքներով ու իրանաֆոբիա քարոզելով չի կարող աշխարհի ուշադրությունը շեղել Իսրայելի օկուպանտ և ագրեսոր ռեժիմի հանցագործություններից, որն Արևմտյան Ասիայում միակն է, որ ունի միջուկային զենք և չի միացել զանգվածային ոչնչացման զենքի զինաթափման մասին որևէ պայմանագրի ու լուրջ սպառնալիք է տարածաշրջանային և միջազգային խաղաղության ու անվտանգության համար»։