Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարն այցելել է Ռուսաստան
Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանն այցելել է Ռուսաստան՝ մասնակցելու ԲՐԻԿՍ երկրների անվտանգության բարձրագույն պաշտոնյաների հանդիպմանը։
ԲՐԻԿՍ երկրների, այդ թվում՝ Բրազիլիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի, Իրանի, ԱՄԷ-ի, Եթովպիայի և Սաուդյան Արաբիայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը կմեկնարկի այսօր՝ Սանկտ Պետերբուրգում և կտևի երեք օր։
Նիստի շրջանակներում տեղի կունենա նաև հանդիպում անդամ երկրների ներկայացուցիչների և հարավային որոշ երկրների, այդ թվում՝ Ինդոնեզիայի, Թուրքիայի, Ղազախստանի, Սերբիայի, Թաիլանդի, Բելառուսի, Վիետնամի, Վենեսուելայի, Ուզբեկստանի, Նիկարագուայի, Կուբայի, Ադրբեջանի, Բահրեյնի, Բանգլադեշի, Շրի Լանկայի, Մավրիտանիայի և Լաոսի անվտանգության բարձր մակարդակի ներկայացուցիչների միջև։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այցի ընթացքում Ահմադիանը կհանդիպի նաև ռուս բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու տարածաշրջանային ու միջազգային զարգացումները և երկկողմ հարաբերությունները՝ քաղաքական, անվտանգության և տնտեսական ոլորտներում։