Պուտինը Փեզեշքյանին հրավիրել է Մոսկվա. նախագահների առաջին հանդիպումը տևել է մեկ ժամ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Աշխաբադում կայացած երկկողմ հանդիպման ժամանակ իրանցի պաշտոնակից Մասուդ Փեզեշքյանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Ռուսաստան․ ԻԻՀ նախագահն երախտագիտությամբ է ընդունել հրավերը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Իրանի նախագահի՝ Ռուսաստան պաշտոնական այցի ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական խողովակներով:
Երկու նախագահների բանակցություններն անցկացվել են Թուրքմենստանում կայացած «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովի շրջանակներում և տևել են շուրջ մեկ ժամ:
Թեհրանի և Մոսկվայի հարաբերությունները քաղաքական և տնտեսական, բարեկամական և ռազմավարական բնույթ ունեն, նշել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ Իրանն ու Ռուսաստանը հիանալի փոխլրացնող ներուժ ունեն և կարող են օգնել միմյանց։ Ընդ որում, միջազգային ասպարեզում երկու երկրների դիրքորոշումները մոտ են:
«Տարածաշրջանում այժմ իրավիճակը բարդ է։ Ամերիկան և Եվրոպան չեն ցանկանում, որ տարածաշրջանը հանդարտվի», - ասել է Փեզեշքյանը՝ խոսելով Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների մասին։