Իրանում միաստվածական կրոնների ներկայացուցիչներ. Ոչ ոք իրավունք չունի ներխուժել ԻԻՀ տարածք
Երեքշաբթի օրը, ԻԻՀ զինված ուժերին և երկրի տարածքային ամբողջականությանը աջակցության թեմայով հանդիպման ժամանակ, Իրանում կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտարարել են, որ ոչ մեկն իրավունք չունի ոտնձգություն անել Իրանի սուրբ հողի նկատմամբ և ներխուժել երկրի տարածք։
«Սահաբ» գործակալության հաղորդմամբ՝ հանդիպումը տեղի է ունեցել Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցում՝ օրերս միաստվածական կրոնների ներկայացուիցիչների կողմից բանաձևի հրապարակումից հետո։
Իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային Իրանահայության ներկայացուցիչ Արա Շահվերդյանը հանդիպման ժամանակ հայտարարել է․ «Թեև այսօր աշխարհն ականատես է լինում անպաշտպան մարդկանց և հիվանդանոցների դեմ իրականացվող հանցագործությունների, մենք ասում ենք, որ Իրանը պատրաստ է պաշտպանել Պաղեստինի ճնշված ժողովրդին՝ բոլոր գործողություններից»։
Հանդիպման ավարտին ընթերցվել է տարբեր կրոնների ներկայացուցիչների հայտարարությունը, որում դատապարտվել են Սիոնիստական ռեժիմի գործողությունները և աջակցություն է հայտնվել Իրանի ԶՈՒ պատասխան գործողություններին։
Իրանի ասորական եկեղեցու արքեպիսկոպոս Մարներսայ Բենյամինը, դատապարտելով Սիոնիստական ռեժիմի ոճրագործությունները, քննադատել է միջազգային կազմակերպությունների, Անվտանգության խորհրդի և ԵՄ անգործությունը, որոնք հայտարարում են, թե մտահոգված են մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով։
Իրանի կաթոլիկ եկեղեցու հայ եպիսկոպոսը հայտարարել է որ Իսրայելը անհանգստացրել է ողջ տարածաշրջանը և բազմաթիվ գլոբալ մտահոգություններ է առաջացրել ժողովուրդների շրջանում, հավելելով, որ Սիոնիստական ռեժիմը ցանկանում է իր նպատակներին հասնել երեխաների սպանությամբ։
Թեհրանի զրադաշտական ասոցիացիայի անդամ Մոբեդ Փեդրամ Սորուշփուրը նշել է, որ իրանական մշակույթի հիմքում խաղաղությունն ու հաշտությունն են, որոնք իրենց հերթին հիմնված են տոկունություն վրա։
Քաղդեական ասորի կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Էմադ Խոշաբեհ Ջորջիսին նույնպես դատապարտել է Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները և ընդգծել Իրանի տարածքային ամբողջականության պահպանումը։
Թեհրանի առաջնորդարանի խորհրդի հոգևոր ժողովի անդամ Սահակ Խոսրովյանն ասել է. «Մենք կանգնած ենք անպաշտպան ժողովրդի կողքին և հույս ունենք, որ այսուհետ խաղաղություն և հանգստություն կհաստատվի։ Հանցագործությունը և ցեղասպանությունը դատապարտելի է ցանկացած դեպքում»։
Թեհրանի ասորական ավետարանական եկեղեցու առաջնորդ և հովիվ Նինոս Մողադասնիան նշել է, որ Իսրայելը չի կարող մրցակցել «Հեզբոլլահի» և ՀԱՄԱՍ-ի հետ, չնայած իր բոլոր հնարավորություններին՝ սկսած «Երկաթե գմբեթ» համակարգից մինչև առաջադեմ տեխնոլոգիաներ։ Նա հավելել է․ «Բոլոր նրանք, ովքեր նահատակվել են, հենց սկզբից այս նպատակն են ունեցել իրենց առջև, և նրանց նահատակությունը ցույց է տալիս Դիմադրության ուժի հաղթանակն ու Սիոնիստական ռեժիմի պարտությունը»։
Իրանի իսլամական խորհրդարանում ասորի և քաղդեացի քրիստոնյաների ներկայացուցիչ Չարլի Էնույե Թեքեհը նույնպես ասել է, որ Գազայում և Լիբանանում տեղի ունեցող իրադարձություններն ու կանանց ու երեխաների ցեղասպանությունը պատմական ամոթ են բարոյականության, օրենքի և մարդկության համար։
Իրանի իսլամական խորհրդարանում Իրանի զրադաշտականների ներկայացուցիչ Բեհշիդ Բոշուրը դատապարտել է Սիոնիստական ռեժիմի գործողությունները և պաշտպանել Իրանի պատասխան գործողությունը։
Նա ասել է․ «Իրանը պատերազմի նախաձեռնողը չէ և ձգտում է խաղաղության ու անվտանգության։ ՄԱԿ-ին հորդորւմ եմ դադարել լռել և կանգնել այդ հանցագործությունների դեմ»։