Էսլամի. Իրան- ՄԱԳԱՏԷ փոխգործակցությունը շարունակվում է երաշխիքների և NPT-ի շրջանակներում
Դրական գնահատելով ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենի հետ հանդիպման արդյունքներն Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին ասել է․ «Իրան- ՄԱԳԱՏԷ փոխգործակցությունը շարունակվում է երաշխիքների և NPT-ի շրջանակներում»։
Iran Press –ի հաղորդմամբ՝ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, Թեհրան կատարած այցի ընթացքում, այսօր առավոտյան հանդիպել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում կողմերը ներկայացրել են քննարկումների արդյունքները։
Մոհամմադ Էսլամին ասել է. «Իրանցի պաշտոնյաների և պարոն Գրոսիի շփումներն ու այցերը միշտ կառուցողական են եղել։ Մենք կառուցողական քննարկումներ ենք ունեցել նաև այս այցի ընթացքում»։
Նա նշել է․ «Այսօրվա հանդիպումը շատ կարևոր է, հատկապես հաշվի առնելով, որ համաշխարհային բռնատիրական համակարգի գործողությունների հետևանքով տուժում է միջազգային կազմակերպությունների հեղինակությունը։ Մենք խնդրում ենք պարոն Գրոսիին, որ այս միտումը, միջամտողական բանաձևերի ընդունման միջոցով չազդի Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի որոշումների վրա»։
Էսլամին ասել է․ «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ Իրանի միջուկային հարցի վերաբերյալ ցանկացած միջամտողական բանաձև կստանա պատասխան՝ անհապաղ գործողություններով։ Այդ ճնշումները մեզ վրա չեն ազդի, և մենք կշարունակենք մեր խաղաղ միջուկային ծրագիրն ազգային շահերի շրջանակներում»։
Էսլամին նշել է. «Իրանի միջուկային արդյունաբերության համապարփակ ծրագիրը մեկնարկել է երկու տարի առաջ, որպեսզի դրա արդյունքները առողջության և պարենային անվտանգության ոլորտներում շոշափելի լինեն ժողովրդի համար»:
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենն ասուլիսի ժամանակ հայտարարել է․ «Ուրախ եմ, որ կրկին գտնվում եմ Թեհրանում և ստեղծված իրավիճակում այս այցելությունը կարևոր է։ Ես տեղյակ եմ տարածաշրջանի իրավիճակի մասին և հուսով եմ, որ այցն արդյունավետ կլինի»։
Նա հավելել է․ «Գործակալությունն ու Իրանը վաղուց են ջանքեր գործադրում, և մենք պետք է հասնենք արդյունավետ և շոշափելի արդյունքի։ Սպահան կատարած իմ վերջին այցելության ժամանակ տեղեկացա գիտության և տեխնիկայի ոլորտում Իրանի կարևոր քայլերի մասին։ Տարածաշրջանի ժողովրդի բարօրության համար Իրանի ստեղծած կարողությունները կարևոր են»։
Անդրադառնալով Իրանի միջուկային օբյեկտները թիրախավորելու վերաբերյալ Իսրայելի սպառնալիքներին, Գրոսին ասել է․ «Ես հստակ հայտարարել եմ, որ միջուկային օբյեկտները չպետք է հարձակման ենթարկվեն, քանի որ դա ունի բնապահպանական և կենսաբանական վտանգներ: Գործակալության անդամները նույնպես հայտնել են այս կապակցությամբ իրենց դիրքորոշումները։ Ես նախագահ կամ քաղաքական գործիչ չեմ և չպետք է հայտարարություն անեմ. Իմ պարտականությունն է կանխել նման հարձակումը»։
Չորեքշաբթի երեկոյան, Ռաֆայել Գրոսի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Թեհրան։ Պատվիրակության անդամներին դիմավորել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհրուզ Քեմալվանդին։ Թեհրանում Գրոսին հանդիպումներ կունենա միջուկային ոլորտի և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։