ԱՄՆ-ն գաղտնի օգնում է Թայվանին պատրաստվել Չինաստանի դեմ պատերազմին․ WSJ
ԱՄՆ զինված ուժերն ու Թայվան կղզին կողմերի միջև ընթացող համագործակցության շրջանակում փակ ռազմական վարժանքներ են անցկացնում։ Այս մասին օգոստոսի 3-ին հայտնել է «The Wall Street Journal» (WSJ) պարբերականը՝ հղում անելով Թայվանի պաշտպանական գերատեսչության ղեկավար Գու Լիսյունի հայտարարությանը։
«Հանրությունը տեսնում է միայն զենքի վաճառքը, սակայն իրականում համագործակցությունը բազմակողմանի է և ներառում է շատ ավելին։ Ռազմական փոխանակումների շնորհիվ մենք ԱՄՆ-ից մարտական կիրառական մեծ փորձ ենք ձեռք բերել», — հայտարարել է Գու Լիսյունը։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Չինաստանի հետ հնարավոր հակամարտության դեպքում Թայվանի ծրագրերը չեն նախատեսում ամերիկացի զինծառայողների անմիջական մասնակցություն։ Պենտագոնում և ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարությունում հրաժարվել են մեկնաբանել այս տեղեկությունը։
«The Wall Street Journal»-ն ընդգծել է, որ Թայվանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հայտարարությունը կղզու ռազմական ներուժի հզորացման գործում ԱՄՆ-ի մասնակցության հազվադեպ հանրային ընդունումներից էր։
Կղզում ԱՄՆ դե ֆակտո դեսպան Ռեյմոնդ Գրինը հուլիսի 2-ին հայտարարել էր, որ տարածաշրջանում հնարավոր հակամարտությունները կանխելու և սեփական անվտանգությունն ապահովելու համար Թայվանն անհրաժեշտ է վերածել բոլոր տեսակի անօդաչու թռչող սարքերի «իշամեղուների բնի»։ Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ն և Թայվանը կարող են ամրապնդել «ազատ աշխարհի հավաքական զսպող ուժը»։