Առաջարկվել է Սանկտ Պետերբուրգի մշակույթի համալսարանում բացել պարսկերենի ուսուցման ամբիոն
Իրանի մշակույթի և իսլամական առաջնորդության նախարարը, ՌԴ կատարած այցի ընթացքում ընդգծել է Թեհրանի և Մոսկվայի միջև մշակութային համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը և ողջունել Սանկտ Պետերբուրգի պետական մշակույթի համալսարանում պարսկերենի ուսուցման ամբիոն ստեղծելու առաջարկը։
Հղում աանելով IRNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ սեյեդ Աբբաս Սալեհին Սանկտ Պետերբուրգի պետական մշակույթի համալսարան կատարած այցի ընթացքում ընդգծել է Իրանի և Ռուսաստանի միջև մշակութային համագործակցության հնարավորությունների ակտիվացման անհրաժեշտությունը։
Համալսարանի ռեկտոր Ալեքսանդր Տուրգաևը, նշելով, որ կրթական հաստատությունը գործում է 1918 թվականից և այնտեղ դասավանդվում է վեց օտար լեզու։ Նշելով, որ Իրանն ունի հարուստ մշակույթ և քաղաքակրթություն, նա հավելել է, որ համալսարանը ցանկանում է բացել պարսկերենի ուսուցման ամբիոն։
Սալեհին ողջունել է առաջարկը և Ռուսաստանում Իրանի դեսպանության մշակութային հարցերով խորհրդականին հանձնարարել ռուսական կողմի հետ քննարկել ամբիոնի աբցելու հարցը։
Այցը տեղի է ունեցել Ռուսաստանում Իրանի մշակույթի օրերի շրջանակում։ Միջոցառումը, բացի Մոսկվայից, նախատեսվում է անցկացնել նաև Կազան և Աստրախան քաղաքներում։ Իրանի և Ռուսաստանի մշակույթի նախարարներն ավելի վաղ մասնակցել էին երկու երկրների մշակութային համատեղ հանձնաժողովի նիստին և ստորագրել համատեղ ֆիլմերի արտադրության ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր։