Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտգործնախարարը հանդիպել են Նյու Յորքում
Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, կայացել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
ՀՀ ԱԳՄԱ (արտաքին գործերի և միջազգային առևտրի) նախարարությունից հայտնում են, որ երկու նախարարները շեշտել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության կարևորությունը՝ անդրադառնալով 2025 թվականի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի պայմանավորվածություններից ի վեր արձանագրված առաջընթացին։
Հատուկ ուշադրություն է դարձվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը։ Այս համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտրային և տարանցիկ փոխգործակցությունը մատնանշվել է որպես խաղաղության օգուտների գործնական օրինակ։
Նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ տարբեր հարթակներում դրական օրակարգ առաջ մղելու հնարավորության շուրջ։
Նախարարները պայմանավորվել են շարունակել իրենց ուղիղ երկխոսությունը։