Արա Շահվերդյանի և Գեղարդ Մանսուրյանի դիմումը՝ Իրանի Ոստիկանության գլխավոր հրամանատարին
Հայ ուսանողների ուխտագնացության համար՝ իսլամադավան հայրենակիցների չափով երաշխիքի գանձում;
Իրանի Իսլ. խորհրդարանի հայազգի պատգամավորներ Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը դիմել են Իրանի Ոստիկանության գլխավոր հրամանատար, գեներալ Ահմադռեզա Ռադանին՝ հայկական հոգևոր կենտրոններ ուխտագնացության մեկնող ուսանողների և աշակերտների ելքն ու վերադարձը դյուրացնելու խնդրանքով։
Սեպտեմբերի 23-ի գրությամբ պատգամավորները նշում են, որ իրանահայ համայնքում ևս կազմակերպվում են ուխտագնացություններ դեպի Հայ Առաքելական Եկեղեցու սրբավայրեր։ Պատգամավորներն առաջարկում են, որ ուսանողները նման ուղևորությունների դեպքում երկրից դուրս գալու համար ներկայացնեն նույն չափի երաշխիք, որը սահմանված է իսլամադավան հայրենակիցների ուխտագնացությունների դեպքում։
Գրությունում որպէս ուխտագնացության հիմնական ուղղություններ նշված են Էջմիածնի Մայր Աթոռը՝ Հայաստանում, որպէս Ամենայն Հայոց Կաթողիկոսի նստավայր, և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության հոգևոր կենտրոնը Լիբանանում։
Պատգամավորները նշել են նաև, որ նման քայլը կնպաստի երկրի պաշտոնական կրոնների իրավունքների և հատկապես կրոնական ուխտագնացությունների ոլորտում հավասար հնարավորությունների ապահովմանը։