Իրանի նավթի փոխնախարար. Իրանը վարում է տարածաշրջանի էներգետիկ կենտրոն դառնալու քաղաքականություն
Իրանի նավթի նախարարության միջազգային և առևտրային հարցերով տեղակալն անդրադարձել է հարևանության քաղաքականության կարևորությանը և նշել, որ Թեհրանը փորձում է վերածվել տարածաշրջանի էներգետիկ հանգույցի։
Նա նշել է․ «Նավթային տերմինալներն ունեն ռազմավարական եզակի հնարավորություն՝ տնտեսական և ռազմավարական զարգացման համար»։
Հղում անելով Իրանի ռադիոհեռուստատեսությանը, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ հյուսիսային նավթային տերմինալ կատարած այցի շրջանակներում, Սեյեդ Ալի Մոհամմադ Մուսավին անդրադարձել է Իրանի նավթի նախարարության հիմնական քաղաքականությանը, հավելելով․ «Իրանի կառավարության քաղաքականությունն է՝ ընդլայնել բարիդրացիական հարաբերությունները և օգտագործել նավթային տերմինալների ռազմավարական հնարավորությունները՝ տարածաշրջանի էներգետիկ հանգույցը դառնալու համար»։
Նշելով, որ կառավարությունը մտադրություն ունի ընդլայնել իր հարաբերությունները հարևան երկրների հետ, Մուսավին հավելել է․ «Հյուսիսային նավթային տերմինալն իր մեծ կարողություններով կարևոր հնարավորություն է Իրանի նավթարդյունաբերության զարգացման համար, քանի որ այն Կասպից ծովի տարածաշրջանի ամենաառաջադեմ տերմինալներից մեկն է՝ հագեցած պահեստավորման տանկերներով, ժամանակակից բեռնման համակարգերով և հոսքագծերով»:
Անդրադառնալով նավթի «սվոփի» հարցին, Մուսավին ասել է, որ դրա վերականգնումը ռազմավարական և տնտեսական նշանակություն ունի Իրանի համար, և աշխարհաքաղաքական դիրքի շնորհիվ երկիրը կարող է հասնել տնտեսական բարգավաճման և միջազգային փոխգործակցության մեծացման։
Իրանի նավթային տերմինալների ընկերության գործադիր տնօրեն Աբբաս Ասադ Ռուզը նույնպես ընդգծել է ընկերության առաքելության կարևորությունը՝ նավթի և գազի կոնդենսատների արտահանման շարունակման հարցում, հավելելով․ «Նավթի արտահանման շարունակականությունը նավթային տերմինալների ընկերության հիմնական առաքելությունն է, որն իրականացվում է անվտանգ և նվազագույն գնով»։