Փեզեշքյան. Եթե «Ձգանի մեխանիզմն» ակտիվանա, Իրանի պատասխանը կլինի նոր իրավիճակին համապատասխան
Անդրադառնալով «Ձգանի մեխանիզմն» ակտիվացնելու՝ Եվրոեռյակի որոշմանն ԻԻՀ նախագահը նշել է. «Մենք հույս ունենք, որ դա տեղի չի ունենա: Այնուամենայնիվ, Իրանը լիովին պատրաստ է ցանկացած սցենարի, և մեր պատասխանն ու քաղաքականությունը նույնպես կհարմարեցվեն նոր իրավիճակին»:
Նյու Յորք կատարած այցի շրջանակներում, Մասուդ Փեզեշքյանը հինգշաբթի օրը հանդիպել է Բոլիվիայի նախագահ Լուիս Արսե Կատակուրայի հետ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ անդրադառնալով Միացյալ Նահանգների միակողմանի քաղաքականությանը, Փեզեշքյանն ասել է. «Միացյալ Նահանգների մոտեցումը ուղղված է ոչ միայն Իրանի Իսլամական Հանրապետության, այլև բոլոր այն երկրների դեմ, որոնք չեն հետևում Վաշինգտոնի քաղաքականությանը։ Նման պայմաններում անկախություն ցանկացող և միջազգային համակարգում իրենց դիրքը պահպանող երկրները պետք է բարելավեն իրենց գիտական, տեխնիկական և մասնագիտական կարողությունները, որպեսզի կարողանան հզոր կերպով պաշտպանել իրենց ազգային շահերն ու ինքնիշխանությունը»։
ԻԻՀ նախագահը ողջունել է Բոլիվիայի Հանրապետության և Իրանի միջև տարբեր փուլերում համագործակցությունն ու փոխազդեցությունները և անդրադարձել է Բոլիվիայում տեղի ունեցած վերջին քաղաքական զարգացումներին։ Նա նշել է. «Թեհրանի և Լա Պասի միջև հարաբերությունների զարգացման և համագործակցության ընդլայնման ապագան կախված է երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների համատեղ կամքից և վճռականությունից: Իրանն ունի այդ կամքը, և անկասկած, բոլիվիացի պաշտոնյաների քաղաքականության տեսակը և կողմնորոշումը վճռորոշ դեր կխաղան ապագա համագործակցության ուղու որոշման գործում»:
Լուիս Արսե Կատակուրան գոհունակություն է հայտնել Մասուդ Փեզեշքյանի հետ հանդիպման կապակցությամբ և նշել, որ ԱՄՆ-ի ռազմատենչ քաղաքականությունը, հատկապես Կարիբյան տարածաշրջանում միջազգային խաղաղությանը և անվտանգությանն ուղղված սպառնալիք է և անկախ երկրների համար մտահոգության առիթ։
Բոլիվիայի նախագահն անդրադարձել է նաև երկու երկրների միջև վերջին տարիներին ձևավորված կառուցողական հարաբերություններին և դրական փոխազդեցություններին և նշել. «Իրանի ներկայությունը Լատինական Ամերիկայում միշտ դրական և կառուցողական ազդեցություն է ունեցել տարածաշրջանի երկրների վրա: Մենք կոչ ենք անում շարունակել և խորացնել բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև զարգացնել երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում»: