Թեհրանի «Սուրբ Մարիամ»-ի անվան մետրոյի կայարանը շահագործման կհանձնվի հաջորդ շաբաթ
Թեհրանի տրանսպորտի և երթևեկության հարցերով փոխքաղաքապետ Մոհսեն Հորմոզին հայտարարել է հաջորդ շաբաթ Թեհրանի մետրոյի 6-րդ գծի «Ս. Մարիամ»-ի անվան կայարանի բացման մասին՝ նշելով, որ կայարանը անվանակոչվել է միաստվածային կրոնների միջև մերձեցումն ամրապնդելու նպատակով:
Այս կայարանը գտնվում է Սուրբ Սարգիս պատմական եկեղեցու դիմաց, Թեհրանի Վիլլա և Քարիմ Խան Զանդ փողոցների խաչմերուկում, և ունի յուրահատուկ ճարտարապետություն և Հիսուս Քրիստոսի ու Մարիամ Աստվածածնի որմնանկարները։
Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Հորմոզին անդրադառնալով այս կայարանի կառուցման գործընթացին, հայտարարել է. «Կատարված աշխատանքների և եկեղեցու համագործակցության շնորհիվ Սուրբ Մարիամ Աստվածածնի անվան կայարանը այժմ պատրաստ է շահագործման»:
Թեհրանի փոխքաղաքապետի խոսքով՝ Ս. Մարիամի անվան կայարանը Թեհրանի միակ մետրոյի կայարանն է, որն ունի քրիստոնեական արվեստից ոգեշնչված յուրահատուկ ճարտարապետություն։ Նա հավելեց. «Մեր նպատակն էր ստեղծել տարբեր տարածք՝ իսլամի և քրիստոնեության միջև կապն ավելի մոտեցնելու համար։ Քաղաքային խորհուրդը նույնպես լիովին աջակցել է այս ծրագրին»։
Նախատեսվում է նաև, որ կայարանի մուտքի մոտ բացվի Քրիստոնեական մշակույթի պատկերասրահը՝ կայարանի շահագործման հետ միաժամանակ։