Վերլուծություն․ Իրանի և Հայաստանի ռազմավարական համագործակցության նոր փուլի սկիզբը էներգետիկ ոլորտում
https://parstoday.ir/hy/news/armenia-i248112-Վերլուծություն_Իրանի_և_Հայաստանի_ռազմավարական_համագործակցության_նոր_փուլի_սկիզբը_էներգետիկ_ոլորտում
Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցությունը վերջին տարիներին դարձել է երկու երկրների հարաբերությունների ամենակայուն ուղղություններից մեկը։
(last modified 2026-07-25T14:07:01+00:00 )
Հուլիս 25, 2026 17:33 Asia/Tehran
  • Վերլուծություն․ Իրանի և Հայաստանի ռազմավարական համագործակցության նոր փուլի սկիզբը էներգետիկ ոլորտում

Իրանի և Հայաստանի միջև էներգետիկ համագործակցությունը վերջին տարիներին դարձել է երկու երկրների հարաբերությունների ամենակայուն ուղղություններից մեկը։

Թեհրանի և Երևանի միջև վերջերս ձեռք բերված համաձայնությունը՝ էներգետիկայի ոլորտում համատեղ մասնագիտական աշխատանքային խումբ ստեղծելու և գազի առևտրի նոր մոդելի ուսումնասիրման վերաբերյալ, վկայում է, որ երկու երկրները ձգտում են համագործակցությունն ավանդական փոխանակումներից վերածել ռազմավարական գործընկերության։ Այս համաձայնությունը հատկապես կարևոր է այն պայմաններում, երբ Հարավային Կովկասում սրվում է մրցակցությունը էներգակիրների փոխադրման ուղիների և տարանցիկ միջանցքների շուրջ։

Pars Today-ի հաղորդմամբ՝ Իրանի առաջարկած գազի առևտրի նոր մոդելը նպատակ ունի ոչ միայն ավելացնել արտահանումը, այլև օգտագործել Հայաստանի տարանցիկ ներուժը և ընդլայնել երկարաժամկետ համագործակցությունը էներգետիկ ոլորտում։ Համատեղ աշխատանքային խմբի ստեղծումը հնարավորություն կտա ուսումնասիրել նախաձեռնության տեխնիկական, տնտեսական և իրավական բոլոր կողմերը, ինչպես նաև մշակել ապագա համագործակցության ճանապարհային քարտեզը։

Մինչ այժմ երկու երկրների էներգետիկ հարաբերությունները հիմնված են եղել «գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի վրա, որի շրջանակում Իրանը մատակարարում է Հայաստանին անհրաժեշտ բնական գազ, իսկ փոխարենը ստանում է էլեկտրաէներգիա։ Համագործակցության այս մոդելը շարունակվել է նույնիսկ պատժամիջոցների պայմաններում և դարձել տարածաշրջանային համագործակցության ամենահաջողված օրինակներից մեկը։ Ներկայիս գազի առևտրի նոր մոդել մշակելու Թեհրանի առաջարկը  վկայում է այդ համագործակցությունն ընդլայնելու և տարածաշրջանի նոր հնարավորություններն օգտագործելու ձտման մասին։

Թեև գազատարների սահմանափակ թողունակությունը և մի շարք տեխնիկական խոչընդոտներ դժվարացնում են այս գաղափարի արագ իրականացումը, համատեղ ուսումնասիրությունների մեկնարկը կարող է հիմք ստեղծել ապագայում ավելի խոշոր նախագծերի իրականացման համար։ Բացի այդ, երկու երկրների համագործակցության հեռանկարային ուղղություններից են նավթավերամշակման գործարանի կառուցումը, տեխնիկական և ինժեներական ծառայությունների արտահանումը, էներգետիկ ենթակառուցվածքների զարգացումը և համատեղ ներդրումային ծրագրերի իրականացումը։

Աշխարհաքաղաքական տեսանկյունից այս համաձայնությունը նույնպես զգալի նշանակություն ունի։ Վերջին տարիներին Հարավային Կովկասը դարձել է տարբեր տերությունների մրցակցության կենտրոն՝ էներգետիկ և տրանսպորտային միջանցքների նկատմամբ վերահսկողության համար։ Նման պայմաններում Թեհրանի և Երևանի համագործակցության ընդլայնումը կարող է ամրապնդել Իրանի դիրքերը տարածաշրջանային էներգետիկ գործընթացներում, իսկ Հայաստանին հնարավորություն տալ դիվերսիֆիկացնել տնտեսական գործընկերներին և էներգիայի մատակարարման աղբյուրները։

Միևնույն ժամանակ, նախաձեռնության հաջողությունը կախված է ենթակառուցվածքների զարգացումից, ներդրումներից, իրավական համակարգման մակարդակից և երկու երկրների քաղաքական կամքի շարունակականությունից։ Համատեղ մասնագիտական աշխատանքային խումբը կարող է ուսումնասիրել առկա մարտահրավերները, առաջարկել համատեղ նախագծերի իրականացման գործնական լուծումներ և նպաստել էներգետիկ փոխանակումների ծավալի մեծացմանը։

Ընդհանուր առմամբ, Իրանի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ համաձայնությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես տեխնիկական փոխըմբռնում, այլ որպես երկու երկրների տնտեսական հարաբերությունների նոր փուլի սկիզբ։ Այս նախաձեռնությունը կարող է նպաստել էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, տարածաշրջանային առևտրի համար նոր հնարավորությունների ստեղծմանը, համատեղ ենթակառուցվածքների զարգացմանը և  Կովկասի ու Եվրասիայի էներգետիկ զարգացումներում Իրանի ու Հայաստանի դերի ամրապնդմանը։ Եթե այս գործընթացն ուղեկցվի հստակ ծրագրավորմամբ և գործնական քայլերով, այն կարող է վերածվել Թեհրանի և Երևանի ռազմավարական համագործակցության կարևորագույն ուղղություններից մեկի։