Իրան-Աֆղանստան երկաթուղային համագործակցությունը Չինաստանը կկապի Եվրոպային
-
Իրան-Աֆղանստան երկաթուղային համագործակցությունը Չինաստանը կկապի Եվրոպային
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը և ԻԻՀ երկաթուղիների ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է աֆղանական և իրանական երկաթուղային ուղիներով Չինաստանի երկաթուղային ցանցը Եվրոպային միացնելու ծրագրի մասին։
Ընդգծելով Իրանի ռազմավարական դերը միջազգային միջանցքներում, Ջաբար Ալի Զաքերին հայտարարել է Չինաստանի երկաթուղային ցանցն Աֆղանստանի և Իրանի միջոցով Եվրոպային միացնելու ծրագրերի մասին և ասել, որ Մազարի Շարիֆ-Հերաթ երկաթուղային գիծն ավարտից հետո կմիանա Իրանով անցնող երթուղիների հետ և Աֆղանստանը կկապի բաց ջրերին և եվրոպական շուկաներին։
Հղում անելով Fars-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Թեհրանում Աֆղանստանի դեսպան Մոլավի Ֆազլ Մոհամմադ Հաղանիի հետ հանդիպման ժամանակ, Զաքերին ընդգծել է Մազարի Շարիֆ-Հերաթ երկաթուղային գծի ավարտի կարևորությունը և ասել, որ այս երթուղին, ներառելով Իրանով անցնող միջազգային միջանցքներն այդ թվում՝ Չաբահար (բաց ջրեր) և Չեշմե Սորյա (Թուրքիա և Եվրոպա) երթուղիները, կարող է Աֆղանստանի համար հասանելիություն ապահովել բաց ջրերին և, ի վերջո, եվրոպական երկաթուղային ցանցին։
Նա հավելել է. «Խաֆ-Հերաթ երկաթուղային գծի երրորդ հատվածի շահագործումը երկու երկրների միջև գործող երթուղու երկարությունը մեծացրել է մոտ 140 կիլոմետրով, իսկ չորրորդ հատվածի ավարտն աֆղանական կողմի օրակարգում է»։
Հանդիպման ժամանակ, բարձր գնահատելով Իրանի աջակցությունը Խաֆ-Հերաթ նախագծի կառուցման և շահագործման գործում, Աֆղանստանի դեսպանն ընդգծել է Խաֆ կայարանում բեռնման և բեռնաթափման հզորությունների ավելացման և երկու երկրների միջև բեռնատար գնացքների տեղաշարժի դյուրացման անհրաժեշտությունը։
Անդրադառնալով Խաֆ-Հերաթ երթուղով բեռնափոխադրումների աճին՝ Զաքերին նշել է, որ այս երթուղին սկսել է իր աշխատանքը ամսական 10 հազար տոննա բեռի փոխադրմամբ և այժմ հասել է ամսական ավելի քան 60 հազար տոննայի։ Նա հավելել է, որ Իրանի երկաթուղիները նպատակ ունեն առաջիկա ամիսներին այս հզորությունը հասցնել ամսական 100 հազար տոննայի։
Կողմերն ընդգծել են Մազարի Շարիֆ-Հերաթ գծի շինարարության արագացման, համատեղ տեխնիկական և գործադիր կոմիտեի ձևավորման և վերոնշյալ երթուղու լիարժեք շահագործման համար որոշումների արագ կայացման անհրաժեշտությունը: Այս նախագիծն ավարտին ահսնելու դեպքում կդառնա Արևելյան Ասիան Եվրոպային կապող հիմնական օղակ Չինաստան-Աֆղանստան-Իրան-Թուրքիա առանցքի միջոցով և կարող է ավելի ամրապնդել Իրանի դիրքերը տարածաշրջանային տարանցիկ քարտեզի վրա: