Հայկական ԱԷԿ–ի ժամկետի երկարաձգման համար 103 միջոցառում է իրականացվել
https://parstoday.ir/hy/news/armenia-i248010-Հայկական_ԱԷԿ_ի_ժամկետի_երկարաձգման_համար_103_միջոցառում_է_իրականացվել
Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման համար ներառվել է 103 միջոցառում, որից «Ռուսատոմսերվիս» ընկերության տիրույթում են 23–ը։
(last modified 2026-07-23T08:03:45+00:00 )
Հուլիս 23, 2026 11:24 Asia/Tehran
  • Հայկական ԱԷԿ–ի ժամկետի երկարաձգման համար 103 միջոցառում է իրականացվել

Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման համար ներառվել է 103 միջոցառում, որից «Ռուսատոմսերվիս» ընկերության տիրույթում են 23–ը։

Այդ մասին նշված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ N–2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվության մեջ։  Հաշվետվությունն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։

Նշվում է, որ Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին։ Ժամկետի երկարաձգման հայտը, հայեցակարգն ու համառոտ ծրագիրը հավանության են արժանացել 2023 թվականի մարտին Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի (ՄԱԿԿ) կողմից։

«2023 թվականի դեկտեմբերի 15-ին «Ռուսատոմսերվիս» ընկերության հետ կնքվել է Շրջանակային համաձայնագիր շուրջ 57,5 մլն դոլարի չափով, ՄԱԿԿ հետ համաձայնեցված աշխատանքային ծրագրի ծավալներով և ժամկետներով»,– ասված է հաշվետվության մեջ։

«Ռուսատոմսերվիս» ընկերության տիրույթում գտնվող 23 խոշորացված միջոցառման շրջանակում կնքվել է 18 պայմանագիր։

«Մնացած 5 միջոցառումները գտնվում են ռուսական ընկերության տիրույթում՝ տեխնիկական առաջադրանքներ կազմելու փուլում։ Թվով 9 պայմանագիր գտնվում է կատարման ընթացքում, իսկ 9 պայմանագրերով նախատեսված աշխատանքներն ավարտվել են, կազմվել են համապատասխան հանձնման-ընդունման ակտեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

ՏԿԵՆ–ից նշում են նաև, որ «ՀԱԷԿ» ՓԲԸ–ի տիրույթում գտնվող 37 խոշորացված միջոցառումներով կազմվել է 45 գնման ընթացակարգ, որոնցից 36-ով կնքվել են պայմանագրեր, 1 պայմանագիր գտնվում է կնքման փուլում, 2-ով հայտարարված է մրցույթ, 4 միջոցառումների կատարումը հետաձգված է։

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները շարունակվում են։