Արաղչին և Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
Իրանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ռուսաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Աբբաս Արաղչին հեռախոսազրույցի ընթացքում մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ։
Հաղորդվում է, որ նախարարները ողջունել են Աֆղանստանի և Պակիստանի միջև կնքված համաձայնագրերը՝ երկու երկրների սահմանային գոտում հրադադարի և ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Արաղչին և Լավրովը քննարկել են նաև Արևմտյան Ասիայում, մասնավորապես՝ Գազայում, տեղի ունեցող զարգացումները, այս հարցի քննարկումը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում և ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդում ստեղծված իրավիճակը։
Նրանք վերահաստատել են իրենց հանձնառությունը Ռուսաստանի և Իրանի միջև հոկտեմբերի 2-ին ուժի մեջ մտած Համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի անվերապահ կատարմանը։