ԻԻՀ բանակի գերագույն հրամանատար. Ցամաքային զորքերը ողջ ուժով պաշտպանում են սահմանները
ԻԻՀ բանակի գերագույն հրամանատարն ասել է. «Ցամաքային զորքերը ողջ ուժով պաշտպանում են սահմանները»։
Գեներալ-մայոր Ամիր Հաթամին, հյուսիսարևելյան սահմանային շրջաններ կատարած այցի շրջանակներում այցելել է սահմանային գոտիներում գտնվող բանակային ստորաբաժանումներ, այդ թվում՝ մարտական գումարտակներ, բազաներ, շարժական գրոհային բրիգադներ, արհեստանոցներ և սահմանային պատի բետոնե կառուցվածքների կառուցման ու արտադրության փուլեր, 77-րդ դիվիզիայի և դրա ստորաբաժանումների օպերատիվ շտաբ։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Հաթամին ծանոթացել է հյուսիս-արևելքում սահմանային պատի կառուցման ընթացքին։
Նշելով, որ բանակը շուրջճրյա ռեժիմով պաշտպանում է սահմանների անվտանգությունը՝ գեներալ-մայոր Հաթամին ասել է. «Բանակի և ցամաքային ուժերի հիմնական առաքելությունը ԻԻՀ անկախության և տարածքային ամբողջականության պահպանումն է, որը հաջողությամբ իրականացվում է շուրջօրյա ռեժիմով։ Բանակի բոլոր ջանքերն ուղղված են երկրի սահմանների պահպանությանը։ Ցամաքային զորքերի ստորաբաժանումները ողջ ուժով պաշտպանում են սահմանները»։
Սահմանային պատի կառուցումը համարելով Իրանի արևելյան սահմաններում անվտանգության ամրապնդմանն ուղղված քայլ, Հաթամին ասել է․ «Անցած տարիներին ձեռնարկվել են տարբեր միջոցառումներ, ինչպիսիք են արևելյան և հյուսիսարևելյան սահմաններում ջրանցքի փորումը կամ ամբարտակի կառուցումը, սակայն սահմանային պատի կառուցումը համարվում է հարևան և եղբայրական երկրի՝ Աֆղանստանի հետ որոշ սահմանային խնդիրներ լուծելուն ուղղված հիմնարար քայլ»։