Իրանում մեկնարկել են ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները
Զորավարժություններին կմասնակցեն 13-14 երկրների զինվորականներ։
Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգում այսօր մեկնարկել են Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) երկրների համատեղ հակաահաբեկչական զորավարժությունները՝ «Սահանդ հակաահաբեկչություն 2025»-ը։ Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) ցամաքային ուժերի հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
Վարժանքները մեկնարկում են դեկտեմբերի 1-ին և կտևեն հինգ օր։
«Այս զորավարժություններին, որոնք անցկացվում են երկրի հյուսիս-արևմուտքում, հինգ երկիր է մասնակցում, ինչպես նաև, հավանաբար, զգալի թվով այլ պետություններ՝ ընդհանուր առմամբ 13-14 երկիր», – ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
Նրա խոսքով` այս վարժանքները ցույց են տալիս, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս ահաբեկչության դեմ պայքարին։ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը կարծում է, որ այս զորավարժությունները կարող են նպաստել անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնմանը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի վերջին, ՇՀԿ տարածաշրջանային հակաահաբեկչական կառույցի գործկոմի տնօրեն Ուլարբեկ Շարշեևը հայտնել էր, որ ՇՀԿ երկրների համատեղ հակաահաբեկչական վարժանքները և դրանց փակման արարողությունը սպասվում են դեկտեմբերի 4-ին Իրանի Թավրիզ քաղաքի մոտակայքում։