Բացահայտվել է Իրանի դեմ համախմբում ձևավորելու նպատակով Մոսադի նոր գործողությունը
Իրանի անվտանգության կառույցները հայտնել են, որ Մոսադը սցենար է մշակել՝ հումանիտար աղետ ստեղծելու և դրա պատասխանատվությունը Իրանի Իսլամական Հանրապետությանը վերագրելու նպատակով։ Մշակված տարբերակների թվում է նաև տարածաշրջանի ինքնաթիռների կամ օդանավակայանների դեմ հարձակումների իրականացումը, որոնք կարող են օգտագործվել Իրանի դեմ միջազգային համախմբում ձևավորելու նպատակով։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով Fars-ը, այս նախազգուշացումը հնչել է Դուբայից Թել Ավիվ թռչող Flydubai ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված անվտանգության միջադեպից հետո։ Միջադեպի վերաբերյալ սիոնիստական լրատվամիջոցներում տարածված լուրերը բազմաթիվ անորոշություններ են առաջացրել և հարցեր են բարձրացրել Թեհրանի դեմ դրա հնարավոր քաղաքական շահարկման վերաբերյալ։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի առավոտյան, Boeing 737 ինքնաթիռը արտակարգ կոդեր ուղարկելուց հետո փոխել է երթուղին և վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։ Սիոնիստական լրատվամիջոցները տարբեր տեղեկություններ են տարածել օդաչուների խցիկում տեղի ունեցած բախման և հնարավոր կանխամտածված գործողության վերաբերյալ։ Սիոնիստական ռեժիմի ներքին անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրը, նախքան միջադեպի հանգամանքներն ու պատասխանատուին պարզելը, պնդել է, թե ինչ-որ մեկը մտադիր է եղել սպանել 180 իսրայելցու։ Նա թիրախն ուղղել է Իրանին ու տարածաշրջանի մյուս ճակատների դեմ։ Այդ պնդման վերաբերյալ անկախ ապացույցներ մինչ այժմ չեն հրապարակվել։
Միջադեպը տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Իրանի անվտանգության կառույցները հայտնել են հումանիտար աղետ առաջացնելու և դրա պատասխանատվությունը Թեհրանին վերագրելու սցենարի մշակման մասին։ Նման պայմաններում միջադեպի ծագման անորոշությունը և դրա՝ Իրանին հապճեպ վերագրումը կարող են հիմք ստեղծել Իրանի Իսլամական Հանրապետության դեմ քաղաքական և լրատվական շահարկումների ու ճնշումների ուժեղացման համար։