Արաղչի. Մենք կարող ենք եվրոպական բանակները հայտարարել ահաբեկչական
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը, խստորեն քննադատելով Եվրամիության կողմից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ահաբեկչական կազմակերպություն հայտարարելու քայլը, այս որոշումը համարեց ռազմավարական սխալ և զգուշացրեց, որ Թեհրանը կարող է հակադարձել՝ եվրոպական բանակները ներառելով ահաբեկչական խմբավորումների ցանկում։
Սեյեդ Աբբաս Արաղչին նաև ընդգծեց,որ ստեղծված իրավիճակում Վաշինգտոնի հետ բանակցությունների լուրջ հիմքեր չկան, և որ ցանկացած իրական երկխոսություն պահանջում է սպառնալիքների և ճնշման մթնոլորտի դադարեցում։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Արաղչին այս դիրքորոշումները հայտարարել է CNN Turk լրատվական ցանցին տված հարցազրույցում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ հանդիպումներից հետո։ Անդրադառնալով Թեհրանի և Անկարայի միջև հարաբերություններին՝ նա կառուցողական է գնահատել Թուրքիայի մոտեցումը՝ տարածաշրջանում վերջին զարգացումների վերաբերյալ և ասել, որ երկու երկրների ժողովուրդների միջև խորը կապերը հարմար հիմք են ստեղծել տարածաշրջանային դիվանագիտությունը ամրապնդելու համար։
Միացյալ Նահանգների հետ հնարավոր բանակցությունների վերաբերյալ Իրանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ առանց համաձայնության բանակցությունների շրջանակի, բովանդակության և կանոնների շուրջ, և փոխադարձ հարգանքի բացակայության պայմաններում ոչ մի արդյունավետ երկխոսություն տեղի չի ունենա։ Նա հավելեց, որ Միացյալ Նահանգները հաճախ փորձում է կապ հաստատել երրորդ երկրների միջոցով, սակայն ճնշման և թելադրված պայմանների ներքո բանակցությունները չեն կարող ընդունվել։
Արաղչին նաև, անդրադառնալով անվտանգության սպառնալիքներին և տարածաշրջանում ռազմական տեղաշարժերին, զգուշացրեց, որ Իրանը վճռականորեն և խիստ կարձագանքի ցանկացած հնարավոր հարձակմանը և ընդգծեց, որ անցյալի հարձակումների փորձը ցույց է տվել, որ նման միջոցառումները անարդյունավետ կլինեն։ Միևնույն ժամանակ, նա դիվանագիտությունը համարեց Իրանի առաջնահերթությունը, բայց ասաց, որ երկիրը պատրաստ է ցանկացած սցենարի։
Վերջում Իրանի դիվանագիտական ծառայության ղեկավարը քննադատեց Եվրամիության դերը լարվածության սրման գործում և ասաց, որ Բրյուսելի որոշումը ոչ միայն չի նպաստում ճգնաժամի մեղմացմանը, այլև մեծացնում է անապահովությունը տարածաշրջանում, մինչդեռ հենց տարածաշրջանի երկրներն են ձգտում կայունության և խաղաղության։