Ynet․ Եվ Իսրայելն, և Թուրքիան Ադրբեջանի բարեկամներն են
Ադրբեջանը կուլիսների հետևում դիվանագիտական ջանքեր է գործադրում Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու համար, հայտնում է Ynet պարբերականը՝ հղում անելով իսրայելական աղբյուրներին։
Ինչպես նշում է պարբերականը, իրավիճակին միջամտելու Բաքվի փորձերը սկսվել են երկու երկրների հարաբերությունների կտրուկ սրումից մեկ շաբաթ հետո։
Լարվածության պատճառ են դարձել Սիրիայում թուրքական բազային հասցված հարվածը, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Թուրքիայի հասցեին հնչեցրած կոշտ հայտարարությունները, ինչպես նաև թուրքական իշխանությունների կողմից Իսրայելի վարչապետի ձերբակալության օրդեր տրամադրելը և նրա նկատմամաբ միջազգային հետախուզում հայտարարելու խնդրանքը։
Ynet-ի տվյալներով,Ադրբեջանը վայելում է երկու կողմերի վստահությունը և արդեն ունի Իսրայելի ու Թուրքիայի միջև միջնորդության փորձ։ 2025 թվականի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախաձեռնել էր երկրների միջև ուղիղ երկխոսություն։
Այդ ժամանակ Բաքվում Ալիևի միջնորդությամբ հանդիպել էին թուրքական պատվիրակությունը՝ Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Իբրահիմ Քալընի գլխավորությամբ, և իսրայելական պատվիրակությունը՝ այն ժամանակ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Ցախի Հանեգբիի գլխավորությամբ։
Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել էին Սիրիայում ստեղծել օպերատիվ համակարգման մեխանիզմ, որը, պարբերականի տվյալներով, երկար ժամանակ արդյունավետ է գործել։
Այժմ Բաքուն կրկին փորձում է օգտագործել իր կապերը երկու կողմերի հետ՝ հետագա էսկալացիան կանխելու համար։
«Եվ դուք, և Թուրքիան մեր բարեկամներն եք։ Կարևոր է անհապաղ նվազեցնել լարվածությունը», — հայտարարել է Ալիևը, որի խոսքն է մեջբերում է Ynet-ը։