Իրանի հարավարևելյան սահմաններից արտահանման 39% աճ է գրանցվել
Pars Today - Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի նահանգապետը հայտարարել է երկրի հարավարևելյան սահմաններից արտահանման 39% աճի մասին։
Pars Today-ի փոխանցմամբ՝ Սիստան և Բելուջիստան նահանգի նահանգապետ Մանսուր Բիջարը չորեքշաբթի օրը, անդրադառնալով Իրանի և Պակիստանի նախագահների միջև առևտրային փոխանակումները տարեկան 10 միլիարդ դոլարի հասցնելու համաձայնագրին, Իրանի հարավարևելյան սահմանները, մասնավորապես Միրջավեն, համարել է այս նպատակին հասնելու գործառնական առանցքներից մեկը։
Միրջավեի շուկա և սահմանային տերմինալ կատարած այցի շրջանակներում Սիստանի և Բելուջիստանի նահանգապետը IRNA-ին տված հարցազրույցում հավելել է. «Սահմանային նահանգներին ավելի շատ լիազորություններ տրամադրելու կառավարության քաղաքականության շրջանակներում իրականացվում են մի շարք միջոցառումներ՝ տերմինալները ակտիվացնելու և հարևան երկրների հետ առևտրային փոխանակումները հեշտացնելու համար, ինչը կարող է նպաստել Իրանի և Պակիստանի միջև առևտրային նպատակների իրագործմանը»։
Բիջարը նշել է, որ Սիստանի և Բելուջիստանի մաքսատներից վերջին 10 ամիսների ընթացքում արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 39 տոկոսով քաշի առումով և 14 տոկոս արժեքային առումով։
Նա հավելել է. «Այս վիճակագրությունը ցույց է տալիս, որ Իրանի հարավարևելյան սահմանները աստիճանաբար ավելի կարևոր դեր են խաղում երկրի արտաքին առևտրի հոսքում և ունեն ներուժ դառնալու Իրանի հաղորդակցման ուղիներից մեկը Արևելյան և Հարավային Ասիայի շուկաների հետ»։
Սիստանի և Բելուջիստանի նահանգապետը նշել է. «Եթե սահմանային հզորությունները նպատակային օգտագործվեն, այս շրջանները կարող են նպաստել Սիստանի և Բելուջիստանի տնտեսական բարգավաճմանը և ամրապնդել Իրանի դիրքերը տարածաշրջանային առևտրային և տարանցիկ ցանցում»։