Հայաստանը՝ Իրանի առևտրային դիվանագիտության կենտրոնում
Սպահան նահանգի միջազգային ցուցահանդեսների ընկերության գլխավոր տնօրեն Ահմադրեզա Թահանիանը հայտնել է, որ հուլիսի սկզբին տնտեսական ոլորտի մասնագետների պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ նոր շուկաներ մուտք գործելու նպատակով։
Պատվիրակության կազմում ընդգրկված կլինեն շինարարության, սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների ներկայացուցիչներ, որոնք Երևանում կքննարկեն արտահանման ընդլայնման և տնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները։
Թահանիանի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանի կարևոր շուկաներից մեկն է և ներառված է Սպահանի առևտրատնտեսական առաջնահերթությունների ցանկում։ Այցի նպատակն է ներկայացնել Իրանի արտադրական և արտահանման ներուժը, ինչպես նաև բացահայտել երկկողմ համագործակցության նոր ուղղություններ։
Նա տեղեկացրել է, որ Իրանը մասնակցելու է նաև Իրաքի Էրբիլ քաղաքում կայանալիք շինարարական արդյունաբերության 16-րդ միջազգային ցուցահանդեսին։ Ըստ պաշտոնյայի՝ նման նախաձեռնությունները միտված են տարածաշրջանային շուկաներում իրանական ընկերությունների ներկայության ամրապնդմանը, ոչ նավթային արտահանման աճին և հարևան երկրների հետ տնտեսական կապերի խորացմանը։