Բաղայի․ Դիմացի կողմից պետք է պահանջենք ստանձնած պարտավորությունների կատարում
ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, Բյուրգենշտոկի հանդիպման ավարտից հետո հայտարարել է, որ իրանական պատվիրակության մոտեցումն այն է, որ անհրաժեշտ է հակառակ կողմից պահանջել ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը։
Pars Today-ի հաղորդմամբ՝ Իսմայիլ Բաղային Իրանի պետական հեռուստառադիոընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ քննարկումներ են անցկացվել այն մնացած կետերի շուրջ, որոնք անհրաժեշտ են վերջնական բանակցությունների մեկնարկի համար։ Նրա խոսքով՝ քննարկվել են նաև Իրանի նավթի վաճառքի համար անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման և իրանական սառեցված ակտիվների ազատման հարցերը, որոնց շուրջ արձանագրվել է զգալի առաջընթաց։
Բաղային ընդգծել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ստեղծել մեխանիզմ Հորմուզի նեղուցով նավերի անվտանգ անցումն ապահովելու համար, ինչը կարևոր նշանակություն ունի։
Իրանի ԱԳՆ խոսնակի խոսքով՝ բանակցային օրը չափազանց երկար է եղել։ Հանդիպումները սկսվել են կիրակի առավոտյան։ Քառակողմ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի կողմից հրապարակվել են սպառնալիք պարունակող հայտարարություններ, ինչի հետևանքով Իրանը հայտնել է, որ նման պայմաններում պատրաստ չէ շարունակել մասնակցությունը նման ձևաչափով բանակցություններին։ Այդ իրավիճակում Կատարն ու Պակիստանը ջանքեր են գործադրել երկխոսությունը շարունակելու համար, և իրանական կողմը համաձայնել է շարունակել քննարկումները, սակայն ոչ քառակողմ ձևաչափով։
Բաղային հավելել է, որ թե՛ քառակողմ հանդիպումների ընթացքում, թե՛ դրանցից առաջ Իրանը բարձրաձայնել է իր մտահոգությունները հակառակ կողմի կողմից պարտավորությունների չկատարման վերաբերյալ, հատկապես Լիբանանում հրադադարի շարունակական խախտումների առնչությամբ։ Նրա խոսքով՝ խաղաղության կայունությունն ապահովելու նպատակով միջնորդների մասնակցությամբ ստեղծվել է նոր մեխանիզմ, որը կհետևի Լիբանանում պատերազմի ավարտի և ռազմական գործողությունների դադարեցման գործընթացին։
«Իրանական պատվիրակության դիրքորոշումն այն է, որ պետք է հակառակ կողմից պահանջել իր պարտավորությունների կատարումը», - հայտարարել է Բաղային։
Նա նաև նշել է, որ այս փուլում բանակցային պատվիրակության աշխատանքն ավարտվել է, սակայն տեխնիկական խմբերը կշարունակեն իրենց աշխատանքը երկուշաբթի օրը։ Բացի այդ, բանակցությունների երկու միջնորդները՝ Կատարն ու Պակիստանը, կհրապարակեն համատեղ փաստաթուղթ, որը կներկայացվի որպես 18 ժամ տևած բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների պաշտոնական արձանագրությունը։