Իրանը պահանջում է պատասխանատվության ենթարկել Մինաբի դպրոցի ողբերգության պատասխանատուներին
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ԱԽ նիստում դատապարտել է Իրանի հարավում գտնվող Մինաբ քաղաքի դպրոցի դեմ իրականացված «սարսափելի հանցագործությունը» և պահանջել լիարժեք պատասխանատվության ենթարկել դրա բոլոր կատարողներին, կազմակերպիչներին և հրամանատարներին։
Իրանի պետական հեռուստատեսության հաղորդմամբ՝ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին, չորեքշաբթի օրը, Անվտանգության խորհրդի՝ «Երեխաները և զինված հակամարտությունները» թեմայով տարեկան նիստում, հայտարարել է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի 2025 թվականի զեկույցը բավարար չափով չի արտացոլում 2025 թվականի հունիսին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված 12-օրյա ռազմական գործողությունների ծանր հումանիտար հետևանքները, հատկապես դրանց ազդեցությունը երեխաների վրա։ Նրա խոսքով՝ այդ ընթացքում զոհվել է 47 իրանցի երեխա։
Իրավանին ընդգծել է, որ երեխաների պաշտպանության մասին քննարկումը հնարավոր չէ վարել՝ անտեսելով, իր բնորոշմամբ՝ «իրանցի երեխաների դեմ իրականացված ամենածանր պատերազմական հանցագործություններից մեկը, որի համար պատասխանատու են ԱՄՆ-ն և Իսրայելը»։
Նրա խոսքով՝ վերջին ռազմական գործողությունների ընթացքում թիրախավորվել են քաղաքացիական անձինք և ենթակառուցվածքները։ Հարվածների հետևանքով վնասվել կամ ավերվել են բազմաթիվ դպրոցներ և կրթական հաստատություններ։ Իրավանին հայտարարել է, որ այդ հարձակումների հետևանքով զոհվել է 220 երեխա, այդ թվում՝ մինչև հինգ տարեկան 17 երեխա։
Նա նշել է, որ ամենածանր դեպքը տեղի է ունեցել Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքի տարրական դպրոցում։ Նա նշել է․ «Ուսումնական ժամին, երբ դպրոցում գտնվել է 264 աշակերտ, շենքը երկու անգամ հրթիռակոծվել է ԱՄՆ-ի կողմից և հարձակման հետևանքով զոհվել է 168 աշակերտ՝ 7-ից 12 տարեկան աղջիկներ և տղաներ, ինչպես նաև ուսուցիչներ ու ծնողներ, ավելի քան 96 մարդ վիրավորվել է։ Շատերը ժամեր շարունակ մնացել են փլատակների տակ, իսկ որոշ զոհվածների մարմինները եղել են այնքան վնասված, որ նույնականացնելը դժվար է եղել»։
Իրավանին խստորեն դատապարտել է այդ գործողությունները՝ դրանք որակելով պատերազմական հանցագործություն և կոչ արել ապահովել բոլոր պատասխանատուների լիարժեք հաշվետվողականությունը։
Նա հավելել է, որ Մինաբի երեխաների հիշատակը պահանջում է արդարություն, պատասխանատվություն և գործնական քայլեր, այլ ոչ թե լռություն։ Նրա խոսքով՝ երեխաների պաշտպանությունը չպետք է լինի ընտրովի, և միջազգային իրավունքը պետք է հավասարապես կիրառվի բոլորի նկատմամբ։