Ղալիբաֆ․ Հորմուզի նեղուցի նկատմամբ Իրանի ինքնիշխանությունը բանակցության առարկա չէ
Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ և երկրի բանակցային պատվիրակության ղեկավար Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի Հորմուզի նեղուցում իր ինքնիշխան իրավունքներից։
Նրա խոսքով՝ այս ռազմավարական ջրային ուղով նավերի անցումն առանց վճարի հնարավոր կլինի միայն 60 օր, որից հետո կգործեն նոր մեխանիզմներ՝ համաձայն ձեռք բերված պայմանավորվածությունների։
Ինչպես հայտնում է Pars Today-ը՝ վկայակոչելով IRNA գործակալությունը, Ղալիբաֆը հեռուստատեսային ելույթի ընթացքում նշել է, որ մինչև փոխըմբռնման հուշագրի հինգ հիմնական կետերը լիովին չամրագրվեն և վերջնական տեսք չստանան, Իրանը չի անցնի համաձայնագրի մյուս դրույթների իրականացմանը։
Անդրադառնալով հուշագրի առաջին կետին՝ նա ընդգծել է, որ դրա կարևորագույն դրույթներն են Լիբանանի տարածքային ինքնիշխանության պահպանումը, պատերազմի լիակատար դադարեցումը, ռազմական գործողությունների ավարտը, օկուպացիոն ուժերի դուրսբերումը և տեղահանվածների՝ իրենց տներ վերադարձի համար պայմանների ստեղծումը։
Իրանի խորհրդարանի նախագահը նշել է, որ բանակցությունները «հեղափոխական բանականության» շրջանակում պայքարի ձևերից մեկն են։ Նրա խոսքով՝ բանակցելը չի նշանակում զիջումների գնալ, այլ ռազմական դիմակայությունը դիվանագիտական հարթություն տեղափոխելու միջոց է՝ առանց երկրի զսպման և պաշտպանական կարողությունների թուլացման։
Ղալիբաֆը շեշտել է, որ պայմանավորվածությունները կարող են արդյունավետ լինել միայն այն դեպքում, երբ բանակցություններին զուգահեռ պահպանվում է երկրի ռազմական և պաշտպանական հզորությունը, հատկապես այն կողմերի հետ շփումներում, որոնք նախկինում խախտել են իրենց պարտավորությունները։
Նա նաև հայտնել է, որ փոխըմբռնման հուշագրի նախնական ստորագրմանը զուգահեռ ավարտվել է ԱՄՆ-ի կողմից իրականացվող ծովային շրջափակումը։ Ղալիբաֆի գնահատմամբ՝ սա Իրանի ռազմական ուժի և դիվանագիտական ջանքերի համադրման արդյունքն է։
Նրա խոսքով՝ Իրանը պարտավորվել է 30 օրվա ընթացքում վերացնել Հորմուզի նեղուցում առկա տեխնիկական խոչընդոտները, այդ թվում՝ ապահովել անվտանգությունը և իրականացնել ականազերծման աշխատանքներ։ Բացի այդ, մինչև 60-օրյա անցումային շրջանի ավարտը նավերի անցման համար որևէ վճար չի գանձվի։
Անդրադառնալով հուշագրի հինգերորդ կետին՝ Ղալիբաֆը նշել է, որ Իրանը և Օմանը համատեղ պատասխանատվություն են կրելու Հորմուզի նեղուցում ծովային ծառայությունների մատուցման և կառավարման ապագա մեխանիզմների մշակման համար՝ միջազգային իրավունքի և առափնյա պետությունների ինքնիշխան իրավունքների հիման վրա։
Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցի նկատմամբ ինքնիշխան իրավասությունները պատկանում են Իրանին և Օմանին, և Իսլամական Հանրապետությունը երբեք թույլ չի տա, որ քաղաքական հայտարարությունների կամ տեղեկատվական արշավների միջոցով կասկածի տակ դրվեն Իրանի օրինական իրավունքները այս ռազմավարական ջրուղու նկատմամբ։