Հայաստանը շարունակում է մնալ Իրանի՝ ԵԱՏՄ շուկա տանող կարևորագույն ցամաքային դարպասը
Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացումն առավել ընդգծել է Հայաստանի դիրքը՝ որպես իրանական ապրանքների՝ այս շուկա մուտք գործելու կարևորագույն ցամաքային ուղի։
Փորձագետների կարծիքով՝ Իրանի և Հայաստանի ընդհանուր սահմանը, մաքսատուրքերի նվազեցման հետ մեկտեղ, նոր հնարավորություններ է ստեղծել երկկողմ առևտրի զարգացման և Եվրասիական շուկա հասանելիության ընդլայնման համար։
Հղում անելով IMNA-ին, Pars Today-ը հաղորդում է, որ Իրանի և Եվրասիական տնտեսական միության միջև ազատ առևտրի համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո կողմերի միջև սակագնային գծերի շուրջ 87 տոկոսը վերացվել է։ Այս պայմաններում Հայաստանը, որպես Իրանի հետ ցամաքային սահման ունեցող միության անդամ միակ երկիր, շարունակում է համարվել իրանական ապրանքների՝ Եվրասիական շուկա մուտք գործելու կարևորագույն դարպասը։
Եվրասիական երկրների հետ հարաբերությունների զարգացման ոլորտի փորձագետ Ֆորուզան Նազարին, անդրադառնալով Հայաստանի առավելություններին, նշել է, որ Իրանի հետ ընդհանուր սահմանը, երկու երկրների միջև կայուն քաղաքական հարաբերությունները, ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում մաքսային ընթացակարգերի պարզեցումը և ավելի ցածր ծախսերով ընկերություն գրանցելու հնարավորությունը կարևորագույն գործոններից են, որոնք ամրապնդել են Հայաստանի դիրքը տարածաշրջանային առևտրում։
Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Կասպից ծովի միջանցքի, «Հյուսիս–հարավ» միջազգային տրանսպորտային ուղու զարգացման և Ղազախստանի՝ որպես Կենտրոնական Ասիայի լոգիստիկ կենտրոնի դերակատարության աճի հետևանքով Հայաստանի բացառիկ նշանակությունը որոշ չափով նվազել է։ Այդուհանդերձ, երկիրը շարունակում է համարվել Իրանի համար Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների շուկա մուտք գործելու առավել հասանելի և արդյունավետ ցամաքային ուղին։
Փորձագետներն ընդգծում են, որ այս հնարավորությունից առավելագույնս օգտվելու համար, սակագնային արտոնություններից բացի, անհրաժեշտ է զարգացնել տրանսպորտային ենթակառուցվածքները և կնքել մասնագիտական պայմանագրեր, որպեսզի Իրանի առևտուրը Հայաստանի և Եվրասիական տնտեսական միության մյուս անդամների հետ ապահովի կայուն աճ։