Հայաստանից Իրան 350 ՄՎտ էլեկտրաէներգիայի ներկրման վերաբերյալ համաձայնագիր է ստորագրվել
Իրանի էներգետիկայի նախարարության էլեկտրաէներգիայի և էներգետիկայի գծով տեղակալ Մոստաֆա Ռաջաբի Մաշհադին, անդրադառնալով էլեկտրաէներգիայի մատակարարման հարցում Իրանի հյուսիսային հարևանների հետ համակարգման աշխատանքներին, հայտնել է Հայաստանի հետ համաձայնագրի ստորագրման մասին։
Ըստ այդ պայմանագրի՝ նախատեսվում է Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգից Իրան ներկրել մոտ 300-350 մեգավատ էլեկտրաէներգիա։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, Ռաջաբի Մաշհադին ընդգծել է, որ մասնավոր հատվածը և խոշոր արդյունաբերական ձեռնարկությունները կարող են օգտվել հարևան երկրներից էլեկտրաէներգիայի ներկրման հնարավորությունից՝ իրենց էներգետիկ կարիքներն անմիջականորեն բավարարելու համար։
Իրանի և Հայաստանի միջև էլեկտրաէներգետիկ ոլորտում համագործակցությունը մեծ կարևորություն ունի, քանի որ Թեհրանը ձգտում է դիվերսիֆիկացնել էներգակիրների մատակարարման աղբյուրները և ամրապնդել տարածաշրջանային համագործակցությունն էներգետիկ ոլորտում։ Այս միտումը կարող է նաև ամրապնդել Հայաստանի դիրքը՝ որպես Կովկասյան տարածաշրջանում Իրանի հետ էներգետիկ համագործակցության առանցքային ուղի։