Իրան․ Եթե ենթակառուցվածքները հարձակման ենթարկվեն, մենք կհարվածենք տարածաշրջանում մնացած բոլոր ենթակառուցվածքներին
Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի խոսնակը նախազգուշացրել է ԱՄՆ-ին՝ հայտարարելով, որ եթե հարվածներ հասցվեն Իրանի ենթակառուցվածքներին, Թեհրանը կթիրախավորի տարածաշրջանում մնացած բոլոր ենթակառուցվածքները։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակում է իր ապակայունացնող գործողությունները տարածաշրջանում, գնդապետ Էբրահիմ Զոլֆաղարին ընդգծել է, որ Իրանը ոչ մի պայմանով թույլ չի տա օտարերկրյա և տարածաշրջանից դուրս գտնվող որևէ երկրի միջամտությունը Հորմուզի նեղուցի կառավարման հարցում։
Նրա խոսքով՝ դա Իրանի «անխախտ կարմիր գիծն» է։
Զոլֆաղարին հավելել է, որ եթե ԱՄՆ նախագահը իրականացնի Իրանի ենթակառուցվածքներին հարվածելու վերաբերյալ իր վերջին սպառնալիքները, ապա Իրանի զինված ուժերը կհարվածեն այն ամենին, ինչը, ըստ նրա, «մինչ այժմ պահպանվել է Իրանի զսպվածության շնորհիվ՝ տարածաշրջանի բոլոր ենթակառուցվածքներին»։
Նա հայտարարել է․ «Հարվածները կլինեն այնպիսի մասշտաբի, որ դրանց հետևանքները շատ ծանր կլինեն»։
Իրանի բանակի ներկայացուցիչը նաև նշել է․ «Թշնամին պետք է իմանա՝ Իրանի զինված ուժերի պատասխանը համարժեք չի լինելու, այլ լինելու է ավելի ուժեղ՝ ավելի լայնածավալ և կործանարար»։
Նա հավելել է, որ «երբեք չհանձնվող ժողովրդի զայրույթի կրակը կհասնի ագրեսորին»։