Թեհրանն առաջարկել էՀայաստանի հետ մաիցին իրականացնել Արաքս գետի ջրի մշտական մոնիթորինգ
Հաշվի առնելով Արաքս գետի ռազմավարական նշանակությունն ու բնապահպանական մտահոգությունները, Իրանն առաջարկել է մշակել մշտական մեխանիզմ՝ Հայաստանի հետ միասին գետի ջրի որակի մոնիթորինգի և ջրային խնդիրների հետևողական քննարկման համար։
Ինչպես հաղորդում է Pars Today-ը՝ վկայակոչելով ISNA-ն, Իրանի գյուղատնտեսության նախարարության ջրային և հողային հարցերի գծով տեղակալի պաշտոնակատար Ջաֆար Գոհարգանին երկրի ջրային դիվանագիտության փաստաթղթի մշակման ազգային աշխատանքային խմբի նիստում ընդգծել է, որ Արաքս գետին վերաբերող հարցերը պետք է քննարկվեն մշտապես և մասնագիտացված ու դիվանագիտական կառույցների համագործակցությամբ։
Նրա խոսքով՝ կարևոր խնդիրներից են արդյունաբերական և հանքարդյունաբերական գործունեության հետևանքով առաջացող աղտոտվածությունը, ինչպես նաև Հայաստանի էլեկտրակայանների կեղտաջրերի՝ Արաքս մուտք գործելու հավանականությունը։ Ջաֆար Գոհարգանին առաջարկել է ստեղծել հատուկ աշխատանքային խումբ՝ գետի ջրի որակի մշտական մոնիթորինգ իրականացնելու համար։
Նիստում քննարկվել են նաև Հայաստանի և Պակիստանի հետ կապված հիդրոքաղաքական հարցերը, այդ թվում՝ առկա մարտահրավերները, հնարավորություններն ու համագործակցության ուղիները։
Արաքս գետի ջրի շարունակական մոնիթորինգի վերաբերյալ Թեհրանի առաջարկը վկայում է, որ ընդհանուր ջրային ռեսուրսների պաշտպանությունը, հարևանների հետ քաղաքական և տնտեսական հարաբերություններին զուգահեռ, երկրի տարածաշրջանային դիվանագիտության կարևոր ուղղություններից մեկն է։