Ղարիբաբադի․ Իրանը ողջունում է դիվանագիտական գործընթացները
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի իրավական եւ միջազգային հարցերով տեղակալն ասել է, որ Իրանը ողջունում է դիվանագիտական բոլոր գործընթացները եւ միաժամանակ պատրաստ է ինքնապաշտպանության։
Իրանի արտաքին գործերի նախարարության իրավական եւ միջազգային հարցերով տեղակալ Քազեմ Ղարիբաբադին Ալ-Արաբի հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ Թեհրանն ավարտին է հասցնում Նյու Յորքում Իրանի ներկայացրած ծրագրի վերաբերյալ ամերիկյան կողմի դիտարկումներին եւ դիրքորոշումներին տրվելիք պատասխանը։
Նա նշել է, որ Իրանը միջնորդների հետ խորհրդակցելուց հետո կներկայացնի իր տեսակետները։ Թեհրանը շարունակում է պատրաստ լինել դիվանագիտական գործընթացին՝ պայմանով, որ քննարկման դրվող հարցերն իրական եւ անկեղծ լինեն։
Ղարիբաբադին ընդգծել է, որ Իրանը միշտ ողջունել է դիվանագիտությունը եւ երբեք ջանք չի խնայել այս ուղղությամբ եւ որեւէ կողմի հետ երկխոսության հարցում։
Նրա խոսքով՝ ինքնապաշտպանության եւ պատերազմելու Իրանի պատրաստվածությունը պակաս չէ բանակցելու պատրաստակամությունից։
Արտաքին գործերի նախարարության իրավական եւ միջազգային հարցերով տեղակալը նշել է, որ երկխոսությանը շարունակական մասնակցությունը վկայում է Թեհրանի քաղաքական ճկունության եւ դիվանագիտական գործընթացին հավատարիմ լինելու մասին։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ը նույնպես պետք է վերադառնա իր պարտավորությունների կատարմանը։
Ղարիբաբադին հավելել է, որ Թեհրանը չի խախտել իր պարտավորություններից ոչ մեկը, մինչդեռ Վաշինգտոնը չի կատարել Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրով ստանձնած պարտավորությունները եւ պետք է այդ ուղղությամբ փոխհատուցող քայլեր ձեռնարկի։
Նա ընդգծել է, որ քանի դեռ ամերիկյան կողմը լիովին չի կատարում իր ստանձնած պարտավորությունները, Իրանից չպետք է ակնկալել, որ այս հարցում ավելի մեծ ճկունություն կցուցաբերի։