Բաղայի․ Ճնշումն ու սպառնալիքները չեն կարող ստիպել Իրանի ժողովրդին ընդունել անօրինական պահանջները
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ընդգծել է․ «Հինգ տասնամյակների փորձը ցույց է տվել՝ ճնշումն ու սպառնալիքները չեն կարող ստիպել Իրանի ժողովրդին ընդունել անօրինական պահանջները»։
Վկայակոչելով IRIB-ը՝ Pars Today-ը հաղորում է, որ Էսմայիլ Բաղային թունիսյան «Աշ-Շուրուղ» թերթին տված հարցազրույցում Իրանի դեմ ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիան որակել է որպես միջազգային իրավունքի նորմերի բացահայտ խախտում։ Նա նշել է, որ ենթակառուցվածքների վրա հարձակումները, նավագնացության դեմ գործողություններն ու ծովային շրջափակումը Իրանի սահմաններից դուրս հետևանքներ են ունենում՝ ազդելով նաև համաշխարհային տնտեսության և առևտրի վրա։
Բաղային հավելել է. «Ազգային ինքնիշխանության, առևտրի և նավագնացության ազատության թիրախավորումը սպառնում է ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Ներկայիս իրավիճակը ԱՄՆ-ի և սիոնիստական ռեժիմի ագրեսիվ ու ապակայունացնող քաղաքականության արդյունքն է»։
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Հորմուզի նեղուցի կառավարման հարցով Թեհրանի և Մասկատի միջև խորհրդակցություններին՝ նշելով, որ Իրանն ու Օմանը, որպես այս ռազմավարական ջրուղու առափնյա պետություններ, առանձնահատուկ պատասխանատվություն են կրում նավագնացության անվտանգության ապահովման հարցում։
Անդրադառնալով տարածաշրջանի երկրների տարածքներն ու հնարավորություններն Իրանի դեմ հարձակումների համար օգտագործելուն՝ նա ընդգծել է, որ այդ հանգամանքը պետք է հաշվի առնվի Հորմուզի նեղուցի ապագա կառավարման մեխանիզմներում։ Բաղային նաև հայտնել է, որ Իրանի և Օմանի միջև փոխըմբռնում է ձեռք բերվել առևտրային նավերի երթևեկության համար անվտանգ և ժամանակավոր երթուղի սահմանելու շուրջ՝ նշելով, որ դրա իրականացման մանրամասների շուրջ աշխատանքները դեռ շարունակվում են։