ԱՄՆ-ի հանրապետականները փորձում են ճնշել Իրանին
Չնայած Եվրամիությունը հարգում է Իրանի հետ միջուկային համաձայնությունը, ամերիկացի սենատորը հայտարարել է, որ այդ երկրի նոր կառավարությունն ու Կոնգրեսը համագործակցելու են` հակաիրանական օրինագծերի ընդունման հարցում:
Երկուշաբթի օրը, «Fox news» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, ԱՄՆ Արկանզաս նահանգի հանրապետական սենատոր՝ Թոմ Քաթենը հայտարարել է, որ Իրանը խախտել է Համատեղ քայլերի ծրագիրը: Նա նշել է, որ Կոնգրեսը, նորընտիր նախագահ՝ Դոնալդ Թրամփի և Վաշինգտոնի դաշնակիցների համագործակցությամբ, նոր շրջափակումներ է կիրառելու Իրանի դեմ:
Քաթենը նշել է, որ ԱՄՆ-ը տարբեր լծակներ ունի և կարող է միջուկային համաձայնությունը խախտելու համար նոր շրջափակումներ կիրառել Իրանի դեմ, որպեսզի Թեհրանը դադարեցնի բալիստիկական հրթիռների արտադրումը, որոնք կարող են հասնել մինչև ԱՄՆ կամ նրա դաշնակիցներ երկրներ:
Հատկանշական է, որ Քաթենի հայտարարությունից մեկ օր առաջ, Բարաք Օբաման հայտարարել էր, որ Իրանը հարգում է միջուկային համաձայնությամբ նախատեսված իր պարտավորությունները: