Իրանը դատապարտել է Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը դատապարտել է Սիրիայի կենտրոնում գտնվող ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին ուրբաթ օրը հակազդելով Սիրիայում գտնվող ավիաբազայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակմանն ընդգծել է.«Իրանը, որպես ժամանակակից պատմության մեջ քիմիական զենքերի ամենամեծ զոհը, անկախ հեղինակներից ու զոհերից, դատապարտում է քիմիական զենքի ցանկացած տեսակի օգտագործումը և միևնույն ժամանակ դա միակողմանի հարձակման համար պատրվակ ծառայեցնելը համարում է վտանգավոր ու վնասակար քայլ և միջազգային իրավունքի հստակ սկզբունքների խախտում»:
Բահրամ Ղասեմին հավելել է. «Իրանը դատապարտելով ամերիկյան ռազմանավերի կողմից Սիրիայի «Ալշաաիրաթ» ավիաբազայի դեմ հրթիռային հարձակումն ու ռազմական միակողմանի քայլը, հավատացած է, որ Իդլիբի «Խան Շեյխուն»-ում քիմիական կասկածելի հարձակման պատրվակով վերցված նման քայլը, որը իրականացման ժամանակահատվածի, հեղինակների ու դրանից շահողների առումով պարուրված է անորոշությամբ, հանգեցնելու է ոչնչացման սեմին գտնվող ահաբեկիչների հզորացմանը և Սիրիայում ու տարածաշրջանում իրավիճակի սրմանը»:
ԱՄՆ-ն անցած երեքշաբթի օրը Իդլիբ նահանգում իրականացված քիմիական կասկածելի հարձակման պատրվակով ուրբաթ վաղ առավոտյան «Յու Էս Էս Ռաս» և «Յու Էս Էս Փորթեր» ռազմանավերից 59 «Թամահաուք» հրթիռներ է արձակել Հոմսի «Ալշաարիաթ»-ի ավիաբազայի ուղղությամբ:
Սիրիայի դեմ ԱՄՆ-ի հրթիռային հարձակումը իրականակցվել է Իդլիբում քիմիական հարձակման քննարկմանը նվիրված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստից հետո, որն ավարտվեց առանց առաջարկված բանաձևերի մասին քվեարկություն կատարելու:
ԱՄՆ-ն ու Սիրիայում ահաբեկչական խմբերի պաշտպան այլ երկրներ համադրված քայլով ու օգտվելով քարոզչական ու լրատվական հնարավորություններից իրենց պատկերացմամբ Սիրիային Իդլիբում քիմիական հարձակման պատասխանատու են ներկայացրել: