TRIPP–ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու. ՀՀ փոխարտգործնախարար
https://parstoday.ir/hy/news/world-i247256-tripp_ը_ԵԱՏՄ_կարգավորումներով_է_լինելու._ՀՀ_փոխարտգործնախարար
Հայաստանի տարածքով իրականացվող TRIPP նախագիծը լինելու է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
(last modified 2026-07-01T16:14:33+00:00 )
Հուլիս 01, 2026 18:36 Asia/Tehran
  • TRIPP–ը ԵԱՏՄ կարգավորումներով է լինելու. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանի տարածքով իրականացվող TRIPP նախագիծը լինելու է Եվրասիական տնտեսական միության կարգավորումներով։ ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հունիսի 29-ին հայտարարել էր, որ TRIPP նախագծի իրականացումը Ռուսաստանի մասնակցությունից միայն կշահեր։ «Թրամփի ուղին» կանցնի ռուս սահմանապահների կողմից պահպանվող տարածքով, որոնք արդեն տասնամյակներ շարունակ հայ գործընկերների հետ Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանի պահպանության ծառայություն են իրականացնում: Գալուզինը նշել էր, որ հաշվի առնելով այդ ամենը` Ռուսաստանի և ԵԱՏՄ–ի կարծիքը պետք է հաշվի առնել։

«TRIPP նախագիծն իրականացման փուլում է։ Այս պահին ՀՀ–ն ԵԱՏՄ անդամ է, և TRIPP–ը լինելու է ԵԱՏՄ կարգավորումներով։ ԵԱՏՄ մաքսային կարգավորումները մեր մաքսային մարմիններն են իրականացնում, այնպես որ մենք այդտեղ հարց չենք տեսնում»,– ասաց Սաֆարյանը` անդրադառնալով Ռուսաստանի և ԱՄՆ–ի համատեղ աշխատանքին առնչվող հարցին։

Հարցին` կարող են արդյոք Ռուսաստանի հետ աշխատանքում խնդիրներ առաջանալ, Սաֆարյանը պատասխանեց` այս փուլում որևէ հարց չկա։

Նա նշեց, որ Հայաստանը ռուսական կողմի հետ TRIPP–ի վերաբերյալ քննարկում չի անում։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 11-ին հայտարարեց, որ ՀՀ–ն ոչ թե 99 տարով հողը վարձակալության է տալիս ամերիկյան կողմին, այլ տալիս է կառուցապատման իրավունք։