Լավ խաղը պատիվ կբերի Իրանին. Ռոհանի
ԻԻՀ նախագահը Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի անդամներին ու անձնակազմին կոչ է արել հաղթանակ արձանագրելու և ժողովրդին ուրախություն պատճառելու համար գործադրել իրենց բոլոր ջանքը:
Կիրակի օրը, Իրանի սպորտի նախարարության ու Ֆուտբոլի ֆեդերացիայի պատասխանատուների, և ֆուտբոլի ազգային հավաքականի անդամների ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին ուրախությունը հայտնելով այն կապակցությամբ, որ Իրանի մեծ ժողովրդի անունից պատիվ ունի ողջերթ մաղթելու ֆուտբոլի ազգային հավաքականին, ասել է. «Նկատի առնելով ձեր մարզումները, ջանքն ու աշխատանքը և բարձր հոգեվիճակը, հաջողությունն ու հաղթանակն անհասանելի չեն լինելու»:
ԻԻՀ նախագահն ընդգծել է լավ խաղ դրսևորելու և հաջողության մեծ նշանակությունը, հավելելով. «Աշխարհում միլիարդավոր մարդիկ հետևելու են մեծ և պատմական մշակույթ ունեցող Իրանի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին և մեր մարզիկների ջանքն ու դրսևորած լավ խաղն այն յուրահատկություններից է, որ կարող է առավել պանծալի դարձնել Իրանի պատվավոր անունը»: