Թշնամիներն Իրանի դեմ հոգեբանական ու տնտեսական պատերազմի են ձգտում. Ռոհանի
ԻԻՀ նախագահն ասել է. «Իսլամական հեղափոխության թշնամիներն Իրանի համակարգի ու ժողովրդի դեմ միաժամանակ հոգեբանական ու տնտեսական պատերազմ են մղում»:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի երեկոյան Մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նիստում անդրադառնալով Իրանի ժողովրդի դեմ ԱՄՆ-ի անարդար պատժամիջոցներին, ընդգծել է. «Ժողովրդի իրազեկության, նաև հույսի ու ներգրավվածության ընդլայնմամբ, ԻԻՀ-ն շատ արագ ու քիչ ծախսով շրջանցելու է ներկա ժամանակահատվածը»:
Իրանի մշակութային հեղափոխության գերագույն խորհրդի նախագահը, խոսելով իրանցիների կրոնական մշակույթի մասին, ընդգծել է. «Իրանի ժողովուրդն անձեռնմխելի է մնալու այլ, այդ թվում արևմտյան մշակույթի ներխուժման դիմաց»:
«Կառավարությունը ժողովրդին ծառայելուց բացի այլ գործառույթ չունի և այս ժամանակահատվածում փորձում է նահատակներ Ռաջայիի ու Բահոնարի ճանապարհին հետևելով, ճիշտ կերպով իրագործել իր հեղափոխական ու ազգային պարտականությունները»,-հայտարարել է ԻԻՀ նախագահը, շնորհավորելով ԻԻՀ կառավարության շաբաթվա կապակցությամբ:
ԻԻՀ նախագահ Մոհամմեդալի Ռաջային և վարչապետ Մոհամմեդ Ջավադ Բահոնարը սպանվեցին Մոնաֆեղին ահաբեկչական խմբի անդամներյ կողմից՝ 1981 թվականին վարչապետի գրասենյակում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունի ընթացքում: Այս նահատակների հիշատակը մեծարելու նպատակով, Իրանում օգոստոսի 24-ից 30-ը նշվում է Կառավարության շաբաթը: