Մամուլի տեսություն 20-11-2018
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i100926-Մամուլի_տեսություն_20_11_2018
Միջազգային օրացույցում մանուկներին նվիրված բազմաթիվ օրեր կան, որոնք վկայում են մանուկներին կարևորելու ուղղությամբ ջանքերի մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 20, 2018 09:17 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 20-11-2018

Միջազգային օրացույցում մանուկներին նվիրված բազմաթիվ օրեր կան, որոնք վկայում են մանուկներին կարևորելու ուղղությամբ ջանքերի մասին:

Էբթեքար

Առաջարկներ մեծերին Մանուկների համաշխարհային օրվա կապակցությամբ

 

Միջազգային օրացույցում մանուկներին նվիրված բազմաթիվ օրեր կան, որոնք վկայում են մանուկներին կարևորելու ուղղությամբ ջանքերի մասին: Դրանցից համաշխարհային ամենապաշտոնական օրը նոյեմբերի 20-ն է, որ ՄԱԿ-ի և UNICEF-ի կողմից հռչակվել է, որպես Մանուկների համաշխարհային օր:

Համաշխարհային ուշադրությունը մանուկների իրավունքների վրա կենտրոնացնելու նաև նրանց անդորրի ու անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը 1959 թվականի նոյեմբերի 20-ին հանգեցրին ՄԱԿ-ի ԳԱ-ում Մանուկների իրավունքների համաշխարհային հռչակագրի վավերացման, որից հետո այդ օրը հռչակվեց որպես Մանուկների համաշխարհային օր: Այս 10 կետանոց հռչակագրում նշված են այն պարագաները, որոնք ակնկալվում է հարգվեն աշխարհի բոլոր երեխաների դեպքում: 1989 թվականի նոյեմբերի 20-ին նաև ընդունվեց Մանուկների իրավունքների համաշխարհային կոնվենցիան և նոյեմբերի 20-ը հռչակվեց, որպես Մանուկների իրավունքների համաշխարհային օր: Այս կոնվենցիան, որը պայմանականորեն նաև ընդունել է Իրանը մինչև 18 տարեկան բոլոր անձինք երեխա են համարվում և պաշտպանվում են Մանուկների համաշխարհային կոնվենցիայով:

Ամեն տարի մանուկներին նվիրված առիթներով աշխարհում երեխաների պայմանների ու իրավունքների կապակցությամբ միջոցառումներ են կազմակերպվում: Քանի որ մանուկների մասին որոշումներն ընդհանրապես ընդունվում են մեծահասակների կողմից և  կարող է պատահել, որ այդ մեծահասակները մոռացած լինեն իրենց մանկության շրջանը, Մանուկների համաշխարհային օրվա ընթացքում մեծահասակների մանկություն անելու մասին առաջարկներ են ներկայացվում:

Այդ կապակցությամբ UNICEF-ն այս տարի հայտարարել է «Կապույտ հագեք» համաշխարհային արշավը: UNICEF-ը նաև առաջարկել է, որպեսզի բոլորը #GOBLUE հեշթեգով սոցիալական ցանցերում գրեն ժամանակակից աշխարհում երեխաների իրավունքների մասին:

 

 

Ջավան

Եվրոպան «դեֆակտո» հրաժարվում է ՀԳՀԾ-ից

 

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ով ավելի վաղ խոստացել էր, որ ՀԳՀԾ-ի ֆինանսական մասնավոր մեխանիզմը կգործարկվի մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների երկրորդ փուլի գործադրումը, այսօր՝ այդ պատժամիջոցների գործադրումից օրեր անց հրաժարվում է հիշյալ մեխանիզմի շահագործման հստակ ժամկետներ նշելուց, որպեսզի Բրյուսելը օրինական լեզվով «դեֆակտո» հրաժարված համարվի ՀԳՀԾ-ից: Միևնույն ժամանակ Իրանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալը նշում է. «Որևէ երկիր պատրաստ չի եղել ընդունել Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական մեխանիզմի հյուրընկալությունը և Եվրոպան անկարող է SPV-ն գրանցելու հարցում»:

ԵՄ արտաքին քաղաքականության խոսնակ Ֆեդերիկա Մուգերինին չորեքշաբթի օրը Բրյուսելում Իրանի ու Եվրոպայի միջև ֆինանսական մեխանիզմի կապակցությամբ ԵՄ ԱԳ նախարարների նիստի մեկնարկին հիշյալ մեխանիզմը գործադրման հանձնվելու թվականի մասին «Ուալսթիթ Ժուռնալ» օրաթերթի թղթակցի հարցումին ի պատասխան բավարարվեց «ինչքան շուտ, այդքան լավ» պատասխանով, որպեսզի ապացուցի թե Թրամփի ու նրա խորհրդականների ցանկությունները գերազանցում են ԵՄ-ում տիրող ճշմարտությանը: Մուգերինին հրաժարվելով պատասխանել այս մեխանիզմն առաջիկա օրերում ու շաբաթներում գործադրման հանձնվելու մասին հարցումին, ասաց. «Ֆինանսական մասնավոր մեխանիզմի կապակցությամբ մեր, Ֆրանսիայի, Գերմանիայի ու Բրիտանիայի աշխատանքը շարունակվում է և մենք դա հովանավորում ենք: Այս կապակցությամբ չափազանց կարևոր է եվրոպական երեք երկրների ֆինանսների նախարարների ներգրավվածությունը: Նրանք խիստ աշխատում են դրան եզրակացնելու ուղղությամբ: Ես չեմ կարող հստակ ժամկետներ նշել, բայց կարող եմ վստահեցնել, որ աշխատանքն իրականացվում է և դրական առաջընթաց գոյություն ունի:  

Եվրոպացիները խոստումներից բացի առայժմ միայն զբաղված են ՀԳՀԾ-ն հովանավորելու շուրջ բանակցություններով: Այս շրջագծում ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուի տեղակալ Հելգա Շմիդը Վիեննայի ժամանակով երկուշաբթի առավոտյան ֆինանսական մասնավոր մեխանիզմը քննարկելու նպատակով նիստ գումարեց Բրիտանիայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ԱԳ նախարարների հետ:

Միևնույն ժամանակ Բրիտանիայի ԱԳ նախարար Ջերեմի Հանթի երկուշաբթի օրը Թեհրան կատարած այցի առանցքներից մեկը եղել է ՀԳՀԾ-ն: Որոշ փորձագետներ համոզված են, որ Եվրոպան կատարում է ԱՄՆ-ի հանձնարարությունը, որը միտում է Իրանին ներքաշել ձգձգվող բանակցությունների մեջ և աջակցության սուտ խոստումներ  տալ, որպեսզի Իրանը հարգելով ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած պարտավորություններն ու դրանից չհրաժարվելով, ժամանակի ընթացքում պատժամիջոցների հարվածի ներքո ճկունություն ցուցաբերի և զիջումների գնա:

 

 

Ալիք

Fake ընտրություններ. Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա. Քաղաքագետ

 

Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին: Այդ մասին Facebook սոցիալական ցանցի իր էջում  գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:

«Մարդկանց մեծ խումբը կարող է լինել կազմակերպված հասարակություն, կարող է նաև վերածվել ամբոխի: Կոնկրետ անհատը հասարակության մեջ իրեն դրսևորում է որպես գիտակից էակ, իսկ ամբոխի մեջ որպես էմոցիաներով առաջնորդվող արարած:

20-րդ դարի առաջին կեսին աշխարհի ամենաառաջավոր ազգերից մեկը գերմանացիներն էին: Գերմանական ֆունդամենտալ գիտությունը, փիլիսոփայությունը, աստվածաբանությունը, մշակույթը աննախադեպ առաջընթաց էր ապրում, սակայն գերմանացիներն իրենց ոչ ամենակրթված ցեղակցի հիպնոսի տակ հայտնվեցին:

Ապրիլյան իշխանափոխությունը ցույց տվեց, որ հայաստանցիները կարող են միավորվել և կազմակերպվել: Միջազգային մամուլը հիացել էր հայերից, իսկ շատ ազգեր հայերին նախանձում էին:

Դա մեծ հնարավորություններ էր բացում մեր առջև: Սակայն քաղաքական միտքը չկարողացավ այմ իմաստավորել և հասարակությանը զարգացման նախագիծ առաջարկել:

Իշխանափոխությունը չվերածվեց արժեքների հեղափոխության: Կյանքը ցույց տվեց, որ մեր քաղաքական էլիտան արժանի չի իր ժողովրդին:

Կազմակերպված հեղափոխական ժողովուրդը վերածվեց ամբոխի: Ամբոխը սկսեց օրակարգ թելադրել, բնականաբար դիրիժորի օգնությամբ:

Չիմաստավորված շարժումը նորից կուսակցական ցածրակարգ ինտրիգների գերին դարձավ: Արագորեն կուսակցականացված շարժումն իր առջև դրեց միայն մեկ խնդիր` լուծել իշխանությանը հարցը:

Ընտրությունների արագ, բլից կրիգով անցկացումը, երբ քաղաքական դաշտը տապալված է, իրականում իշխանության գողություն է նշանակում: Չի կարող լինել քաղաքական ընտրություն, երբ ընտրելու բան չկա:

Այդ գողության հետևանքները մեզ վրա թանկ են նստելու, իսկ պատասխանատվությունը կրելու են դրա հեղինակները: Սակայն արդյոք դրանից հետո ամբոխը հետևություններ կանի ու նորից հասարակության կվերածվի, թե նոր ֆյուրեր կորոնի, դեռ հարց է»,- գրել է Դանիելյանը:

 

 

Ժողովուրդ

ՀԱՊԿ-ում ճգնաժամն ավելի է խորանում. վճռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի խնդրի շուրջ կրքերը ոչ միայն չեն հանդարտվում, այլեւ որքան մոտենում է դեկտեմբերի 6-ը, երբ կրկին պետք է հանդիպեն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները, այնքան ստեղծված ճգնաժամն ավելի է խորանում:

Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` չի բացառվում, որ դեկտեմբերի 6-ին հարցը կրկին չկարգավորվի, այլ փորձեն ՀԱՊԿ-ում ժամանակ ձգել, մինչեւ 2020 թվականը՝ Հայաստանին հատկացված ժամկետի ավարտը: Ամեն դեպքում, այս հարցում վճռորոշ է լինելու ՌԴ-ի ձայնը:

Մինչ այդ, հիշեցնենք, որ իրավիճակն ավելի սրվեց այն բանից հետո, երբ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն իրենց երկրում Ադրբեջանի դեսպանին ներկայացրել էր ՀԱՊԿ նիստի մանրամասները:

Սա հարուցել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դժգոհությունը, եւ նա հայտարարել էր, թե բացատրություններ է պահանջելու Լուկաշենկոյից: Երեկ Լուկաշենկոն Բաքու այցի ժամանակ հայտարարել է, թե Ադրբեջանի հետ իրենց համագործակցությունը որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ»: