Մամուլի տեսություն 15-12-2018
«Դեղին ժիլետավորներ»-ի խոսնակը Ֆրանսիայի ժողովրդի ցասման պատճառն այդ երկրի նախագահի կողմից նվաստացվելը համարեց և հայտարարեց, որ բողոքի այդ շարժումն ազդված է Իրանի հեղափոխությունից:
Ջավան
Ներշնչվել ենք Իրանի 1979 թվականի հեղափոխությունից. «Դեղին ժիլետավորներ»-ի խոսնակ
«Դեղին ժիլետավորներ»-ի խոսնակը Ֆրանսիայի ժողովրդի ցասման պատճառն այդ երկրի նախագահի կողմից նվաստացվելը համարեց և հայտարարեց, որ բողոքի այդ շարժումն ազդված է Իրանի հեղափոխությունից:
Ֆրանսիայում բողոքի ալիքը ծավալվելով «Դեղին ժիլետավորներ»-ի շարժման խոսնակներից Ալեքսանդր Բիուվայս Չիուան ԱՆԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել է այդ շարժման նպատակներին և առաքելությանը: Չիուան պատասխանելով այն հարցին, որ Ֆրանսիայում «Դեղին ժիլետավորներ»-ի շարժումը պիտի բողոք համարել, թե ընդվզում, ասաց. «Ձեր հարցին պատասխանելով պիտի ասեմ, որ մենք միայն մեր օրինական իրավունքն ենք պահանջում: Ֆրանսիայի սահմանադրության համաձայն թույլատրվում են բողոքի ակցիաներն ու երթերը և դա համարվում է ժողովրդի իրավունքը: Մենք էլ օգտվում են մեր օրինական իրավունքից և մեր բողոքն արտահայտում ենք օրինական ու խաղաղ միջոցներով: Բայց այսօր Փարիզի փողոցներում այլ պատկերի ականատես ենք: Կողոպտված խանութներն ու այրված ավտոները բոլորվին խաղաղ ցույցի տպավորություն չեն թողնում»: Նա Ֆրանսիայում բողոքի ակցիաները խաղաղ լինելու մասին ասաց. ««Դեղին ժիլետավորներ»-ի 99 տոկոսը ցանկանում է իր բողոքը ներկայացնել խաղաղ միջոցներով և հրաժարվում է ցանկացած տեսակի բռնությունից: Այն ինչ ցուցադրվում է ԶԼՄ-ների միջոցով վերաբերում է բողոքարարների մեկ տոկոսին, որոնց պահվածքը մեր կողմից ընդունելի չէ: ,Դեղին ժիլետավորներ»-ը եկել են հանուն խաղաղության: Մենք առաջ ենք շարժվելու խաղաղ միջոցներով և ներկայացնելու ենք մեր պահանջները»: Նա իր արտահայտությունների շարունակության մեջ հիշեցնելով, որ «Դեղին ժիլետավորներ»-ը որևէ արտասահմանյան երկրի աջակցությունը չեն վայելում, ասաց. «Ինչպես Թրամփը կասեր, այդ լուրերը «ֆեյք» են: Ֆրանսիայի վերջին բողոքներին որևէ այլ պետության միջամտությունը մերժում ենք: Իհարկե պիտի ասել, որ այս ճամբին ներշնչվել ենք որոշ շարժումներին, օրինակ 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից, որն ուղղված էր բռնապետության դեմ և ձգտում էր հասնել ժողովրդավարության: Հերքում ենք այն մասին լրատվությունը, թե այս շարժումը կառավարվում է արտասահմանից: «Դեղին ժիլետավորներ»-ը Ֆրանսիայի ժողովրդի խեղդված ճիչն է և դուք նկատում էք, որ ժողովրդի 74 տոկոսը պաշտպանում է այս շարժումը»:
Ջոմհուրի էսլամի
ԱՄՆ-ն մեկուսացված նույնիսկ Անվտանգության խորհրդում
Թիվ 2231 բանաձևի քննարկման նպատակով գումարված նիստում ՄԱԿ-ի ԱԽ-ն անդրադարձավ այս բանաձևի հետ կապված հարցերին: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն փորձեց ստեղծված առիթը չարաշահել հօգուտ Իրանի դեմ Թրամփի քաղաքականությունների, սակայն գործնականում ևս մեկ անգամ ու այս անգամ ՄԱԿ-ի ԱԽ-ում մեկուսացվեց ու միայնակ մնաց:
Թեև ԱԽ-ում երկրների առաքելության ղեկավարությունն ընդհանրապես ստանձնում են ՄԱԿ-ում հիշյալ երկրների դեսպանները, այդուհանդերձ Պոմպեոն հույս ուներ, որ իր ներկայությամբ կմեծացնի Թրամփի նախընտրած առանցքների դերակատարությունն ու նշանակությունը և այդ նիստից ազդարարող ուղերձ կստանա Իրանի դեմ: Սակայն լիովին հակառակ արդյունք ստացավ և ի վերջո պարտավորվեց դատարկ ձեռքով հեռանալ այդ նիստից: Պոմպեոն օգտվելով ԱՄՆ հերթական նախագահության առիթից ստանձնեց նիստի նախագահությունը, բայց նույնիսկ այդ հնարքն արդյունք չտվեց և Իրանի դեմ նրա ծանր հարձակումը դեմ առավ Չինաստանի, Ռուսաստանի և Իրանի առավել ծանր պատասխան հարվածին և հանգեցրեց Պոմպեոյի նվաստացուցիչ նահանջին: Պոմպեոն կրկնեց Թրամփի, սիոնիտների և իր նախկին հայտարարությունները և Իրանին մեղադրեց թիվ 2231 բանաձևը ոտնահարելու մեջ: Հետաքրքիր կետն այն է, որ ոչ միայն Չինաստանը, Ռուսաստանն ու Իրանը հակառակեցին Վաշինգտոնի դիրքորոշումներին, այլև նույնիսկ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչները պաշտպանեցին ՀԳՀԾ-ին հավատարիմ մնալու և թիվ 2231 բանաձևի կետերը հարգելու ուղղությամբ Իրանի դիրքորոշումը, իհարկե միևնույն ժամանակ որոշ ակնարկներ կատարելով Իրանի հրթիռային ծրագրին և տարածաշրջանի այլ երկրներում Իրանի միջամտության մասին հավակնող որոշ դիրքորոշումներին:
Կարևորն այն է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը դրվատեց ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունն ու թիվ 2231 բանաձևի կետերի գործադրումը և ընդգծեց, որ չնայած ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի հրաժարման ԱԷՄԳ-ի բազմաթիվ զեկույցներ վկայում են, որ Իրանը գործադրել է ՀԳՀԾ-ի շրջագծում ստանձնած իր պարտավորությունները:
Ալիք
Իսկապես, մայիսից սպառազինություն չի մտել Հայաստան. ռազմական փորձագետ
Նախկինում հայ-ռուսական հարաբերությունները բոլորովին այլ մակարդակի էին, հիմա՝ այլ: «Ժամանակին ռուսական կողմը մեծ ճնշումների միջով է անցել, երբ Հայաստանին «Իսկանդեր»ի մատակարարման հարցն էր լուծում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Ըստ նրա` նախ` մեծ աղմուկ բարձրացրեց Ադրբեջանը, ապա` Թուրքիան, որովհետև Թուրքիայի համար էլ է դա վտանգ ներկայացնում, բայց ՌԴ-ն, վստահելով հայկական կողմին, վաճառեց «Իսկանդեր»-ը, որն այն զինատեսակն է, որ շատ երկրներ երազում էին ձեռք բերել, բայց Ռուսաստանը Հայաստանին տվեց, երբ անգամ Ասադին է մերժել: Իսկ հիմա` մայիսից սպառազինություն չի մտել Հայաստան: Ես համակարծիք եմ Հրանտ Մարգարյանի հետ, այս մասին կշիռ ունեցող այլ գործիչներ էլ են ասել: Ռուսական կողմն այսօր վստահություն չունի մեր հանդեպ : Նայեք՝ Պուտինը մինչ օրս Փաշինյանին չի շնորհավորել, երբ անգամ Քոչարյանի ծնունդ է շնորհավորել»,- շեշտեց փորձագետը:
Համբարձումյանը նաև նշեց, որ եթե Նիկոլ Փաշինյանի խոստացած հավելյալ 2.5 միլիարդ դոլարն առաջիկա հինգ տարում ներդրվի ՀՀ ԶՈւ-ում և ճիշտ նպատակի համար ծախսվի, ապա Հայաստանին կհաջողվի ինչ-որ չափով սպառազինությունների հավասարակշռությունը վերականգնել:
Ժամանակ
Գրոհ՝ նոր ԱԺ-ի դեմ. շրջանառության մեջ է դրվում Մոսկվայի «ձեռքը»
«Հայաստանը կշարունակի ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորումը, իսկ խաղաղ կարգավորման համար ջանքեր են պահանջվում բոլոր կողմերից: Այդ գրառումն է իր թվիթերյան միկրոբլոգում արել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Գրառմանը նախորդել էր որոշակի առատ տեղեկատվություն այդ թեմայով:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էր Բաքվում հայտարարել, որ Մոսկվան ունի Հայաստանի նոր կառավարության ձևավորումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերսկսման հույս: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն էլ հայտարարել էր, որ դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում ինքն ու Պուտինը նրան առաջարկել են հանձնել հինգ շրջան՝ դրա դիմաց ստանալով անվտանգություն, տնտեսական ներդրումներ և այլն, բայց Սարգսյանը հրաժարվել է:
Լավրովի և Լուկաշենկոյի հայտարարությունները, իհարկե, անմիջական կապ չունեն միմյանց հետ, սակայն հայաստանյան տեղեկատվական դաշտում այդ կապն արդեն գտնում են՝ եզրակացնելով, որ ահա դրա համար է Հայաստանի թավշյա հեղափոխությանը Մոսկվան եղել չեզոք:
Ասել կուզի, ըստ այդ տրամաբանության, Մոսկվան չի խանգարել Սերժ Սարգսյանին հեռացնելուն, որովհետև նա դեմ է եղել տարածք հանձնելուն, և չի եղել հույս, որ կհամաձայնի: Այդ միտքն արդեն իսկ սկսել է դանդաղորեն շրջանառվել սոցցանցային տարածքներում, և զարմանալի չի լինի, եթե այն սկսի նույնիսկ «քաղաքագիտական էքսկուրս»:
Դա, ըստ էության, կկազմի թավշյա հեղափոխության հանդեպ տեղեկատվաքարոզչական հետընտրական գրոհի մի ուղղություն, որ կընթանա նոր խորհրդարանում ընդդիմության բացակայության, կեղծ ընդդիմության, այսպես ասած՝ խորհրդարանի ժամանակավորության մասին արշավներին զուգահեռ:
Զարմանալի չէ, որ դրան լծվում են նաև եվրասիական տարածության ղեկավարներն ու պաշտոնյաները, որովհետև Հայաստանում նոր խորհրդարանով ամրացող թավշյա հեղափոխությունը սպառնում է նոր իրավիճակ ձևավորել եվրասիական տարածքում ընդհանրապես: