Մամուլի տեսություն 25-01-2019
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i103671-Մամուլի_տեսություն_25_01_2019
ԻՍՆԱ-ն հրապարակել է Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ և իսլամական խորհրդարանում Սպահանի ու հյուսիսային իրանահայության նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի գրչին պատկանող հոդվածը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2019 09:07 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 25-01-2019

ԻՍՆԱ-ն հրապարակել է Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ և իսլամական խորհրդարանում Սպահանի ու հյուսիսային իրանահայության նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի գրչին պատկանող հոդվածը։

ԻՍՆԱ

Իրանահայության պայմանները մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո

 

ԻՍՆԱ-ն հրապարակել է Թեհրանի հայոց թեմական խորհրդի ատենապետ և իսլամական խորհրդարանում Սպահանի ու հյուսիսային իրանահայության նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանի գրչին պատկանող հոդվածը, որտեղ նա անդրադարձել է մինչև հեղափոխությունը և հեղափոխությունից հետո իրանահայության վիճակին: Հոդվածում կարդում ենք.

«Իրանահայությունը 20-րդ դարի ընթացքում ակտիվ մասնակցություն է ունեցել Իրանի հասարակական կյանքին, հետևաբար չի կարող ազդված չլինել երկրի քաղաքական ու հասարակական զարգացումներից: Հեղափոխության ալիքը ծավալվելով ու նույնիսկ դրանից մեկ կամ երկու տասնամյակ առաջ որոշ իրանահայեր տարբեր տեսակի դերակատարություն են ստանձնել: Ամեն դեպքում եթե իրանահայությունն անտարբեր գտնվեր իր և Իրանի հասարակության ճակատագրի հանդեպ, նաև մասնակցություն չէր  ունենա հեղափոխությանը: Մինչդեռ փաստերը վկայում են այլ իրողության մասին:

Անկախ քաղաքական հակումներից և տարբեր անհատների ու խմբերի ներկայացրած մակարդակից ու նաև այն հանգամանքից թե նրանց տեսակետները որչափ արդարատենչական են եղել ու համապատասխանել են հասարակության իրողություններին, քաղաքական խմբերի հետ անհատ իրանահայերի կապերը և նրանց առավել ազդեցիկ դերակատարությունը որոշ բնագավառներում վկայում է այն մասին, որ նրանք իրենց ինքնությունը մեկնաբանել են իրանական հասարակության շրջանակներում և իրենց համարել են դրա բաղադրիչ տարրը: Իրանահայությունը շարունակ իրեն շահակից է համարել Իրանի ժողովրդի ու երկրի ճակատագրում և հիշյալ կողմնորոշումն այդ ժամանակահատվածում առավել ամրապնդվեց:

Ժողովրդային շարժումն ակտիվանալով և հեղափոխության օրերը վրա հասնելով իրանահայությունը ոչ թե կազմակերպված այլև անհատական կարգով ու համաձայն իր կարողության ու վերլուծության ընկերակցեց Իրանի ժողովրդին: Իհարկե եղան անհատներ որոնք չընկերակցեցին հեղափոխությանը, սակայն նրանց գերակշիռ մաս, հատկապես որ հեղափոխության նպատակները չափազանց հստակ էին, Իրանի հասարակության հետ ընդհանուր եզր գտան: Ընդհանրապես Իրանի կրոնական փոքրամասնությունների համայնքը հեղափոխությունն իրեն հոգեհարազատ է համարում: Հեղափոխությունը թե մուսուլմանների և թե կրոնական փոքրամասնությունների մոտ կրոնական արժեքների վերահաստատման ու ինքնաճանաչման առիթ ստեղծեց: Միևնույն ժամանակ հասարակության տարբեր խավերի հետ փոքրամասնությունների հարաբերություններին նոր իմաստ  հաղորդվեց: Թեև դա որոշ ժամանակաշրջանում վայրիվերումներում ունեցավ, սակայն պարտադրյալ պատերազմը, ժողովրդի ու հեղափոխության հանդեպ թշնամիների ցուցաբերած կողմնորոշումը և տարածաշրջանի վերջին քանի տարիների զարգացումները վկայում են Իրանի ժողովրդի իրավացիության մասին: Իրանահայությունն էլ իրեն տեսնում է այդ ազգային ինքնության շրջագծում և ոչ թե որևէ այլ ինքնությանը, ինչը փորձում են տարբեր միջոցներով թելադրել տարբեր գաղափարախոսությունների հեղինակներն ու գործիչները:

Նկատի առնելով հեղափոխության մթնոլորտը թեև իրանահայության խոշոր բաժինն ընկերակցեց քաղաքական զարգացումներին, սակայն այնքան էլ ծանոթ չեր քաղաքական իսլամին: Սա ժամանակի ընթացքում կարգավորվեց և հեղափոխության ընթացքին զուգահեռ և դրա կառույցների կայացմամբ քաղաքական իսլամի հանդեպ իրանահայության ճանաչողությունն էլ ընդլայնվեց:

Իհարկե այս միջոցին ոմանք նախկինից ընդհանուր ճանաչողություն ունեին լուսահոգի Էմամ Խոմեյնու մասին, սակայն իրանահայության գերակշիռ մասը նրա մասին ճանաչողություն ձեռք բերեց հեղափոխության հաղթանակից հետո: Մեծարգո առաջնորդի պարագային էլ բնականաբար  հեղափոխության օրերին ու դրանից հետո ունեցած դերակատարության պատճառով նրա հետ իրանահայության ծանոթության համար ենթահող գոյություն ուներ: Այս ճանաչողությունն ու հարգանքը ժամանակի ընթացքում խորացավ: Այն զգայուն ժամանակահատվածում երբ մեծարգո առաջնորդն Իրանի նախագահն էր զուգադիպելով պարտադրյալ պատերազմին, նրա մշակութային ու մասնավորապես քաղաքական կողմնորոշումներն առավել հստակ կերպով հասարակության համար պարզաբանվեցին: Պարտադրյալ պատերազմին իրանահայության մասնակցությունը և այդ օրերին մեծարգո առաջնորդի մասին ձեռք բերած ճանաչողությունը պատճառ դարձավ, որ այդ հարգանք ու ճանաչողությունը խորանա և մարմնավորվի: Այսօր այն ինչը, որ նկատվում է հայ նահատակների հետ նրա հանդիպումների ժամանակ իրականության մեջ նրա հանդեպ իրանահայության մոտ գոյություն ունեցող ընդհանուր տեսակետի արտացոլումն է:

Իրանահայության հասարակական ու տնտեսական պայմանները հեղափոխությունից հետո ուշագրավ փոփոխություն է կրել: Թե խմբային կազմավորումները և այս համայնքի դասակարգային որոշ բաժիններ ազդվել են այդ զարգացումներից: Եկամտի ու կենցաղային պայմանների տեսակետից իրանահայությունը գտնվում է նույն Իրանի հասարակության մակարդակում: Ամեն դեպքում հասարակության մի բաժինը մասամբ ունեվոր ու մեկ այլ բաժինը կարիքավոր է լինում: Նման դասակարգման ականատես ենք նաև իրանահայ համայնքում: Իրանահայությունը հեղափոխությունից հետո առավել ակտիվ է արդյունաբերության ու մշակույթի ոլորտներում:

Իրանահայության շարունակ կիսել է Իրանի ժողովրդի ճակատագիրը և իրեն մասնակից է համարել դրան: Այգաբացի տասնօրյակն իրանահայ համայնքի մոտ արթնացնում է այն օրերի հուշերը երբ Իրանի ժողովուրդն արդյունքի հասցրեց հեղափոխությունը: Իհարկե անհրաժեշտ է տարբեր հանրային միջոցներից օգտվելով երիտասարդ ու նոր սերնդին նույնպես այդ մասին առավել իրազեկել: 

 

 

News.am

«Transparency International». Հայաստանի իշխանությունները պետք է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք դրսեւորեն

 

Հայաստանի իշխանությունները պետք է կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամք դրսեւորեն: Հունվարի 25-ին «Հայաստանի համար հակակոռուպցիոն ծրագիր» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Սոնա Այվազյանը:

Նրա խոսքով՝ կոռուպցիայի դեմ հայտարարաված պայքարի ֆոնին պետությունը պետք է քաղաքական կամք դրսեւորի եւ անհրաժեշտ թափանցիկ մեխանիզմներ ներդնի համակարգային հակակոռուպցիոն պայքարի համար:

«2003 թվականին նախկին իշխանությունները հայտարարել էին կոռուպցիայի դեմ պայքարի մասին, ստեղծվել էին որոշ մեխանիզմներ, սակայն քաղաքական կամքի բացակայությունը եւ որոշ մարդկանց շահերին չվնասելու ցանկությունը հանգեցրել էին կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիային: Այս ամենը քաղաքական փոփոխությունների հանգեցրեց եւ այժմ ներկայիս իշխանությունները անհրաժեշտ լեգիտիմություն ունեն համակարգային բարեփոխումների եւ օրակարգի ընդլայնման համար, որը նախկլինում գոյություն ուներ:

Կարեւոր է, որպեսզի բոլոր գործընթացները, այդ թվում Հայաստանի կառավարությունում, հասկանալի լինեն բոլոր քաղաքացիների համար», - նշեց նա:

 

 

Փաստ

Ո՞ւմ հետ էր հեռախոսով խոսում Փաշինյանը Ալիևի հետ հանդիպումից առաջ

 

Մամուլը շարունակում է քննարկել, թե ՀՀ վարչապետն ում հետ էր հեռախոսով զրուցում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումից առաջ։

Դավոսում Փաշինյան–Ալիև հանդիպումը պատահական չի ստացվել, ինչպես իր ֆեյսբուքյան ուղերձում հայտարարել էր ՀՀ վարչապետը։ Այս մասին գրում է «Փաստ» թերթը։

 «Ու չնայած «այդպես ստացվեց» ոճով նշվում է, որ հանդիպումը պատահական էր, մեր տեղեկություններով, Ալիև–Փաշինյան հանդիպումը ի սկզբանե պլանավորած է եղել, ու երկու ղեկավարները նախապես տեղյակ են եղել: Ավելին՝ հավաստի աղբյուրների համաձայն՝ հանդիպման մանրամասները քննարկվել են ԱԳ նախարարների մակարդակով 4–ժամյա հանդիպման շրջանակում»,– գրում է պարբերականը։

Ըստ թերթի` Ալիևի հետ հանդիպումից րոպեներ առաջ, երբ Փաշինյանը հեռախոսով խոսելով գնում էր դեպի Ալիևի հետ հանդիպման սենյակ, նա հեռախոսով խոսում էր Լևոն Տեր–Պետրոսյանի հետ և խորհուրդներ հարցնում նրանից: