Մամուլի տեսություն 29.06.2020
ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնն իր նոր գրքում գրել է, որ Իրանի Ղոդս ստորաբաժանման հրամանատար լեգենդար գեներալ Ղասեմ Սուլեյմանիի սպանության հրամանը նույնպես կապված է եղել 2020-ի ընտրություններում հաղթելու Թրամփի ծրագրերի հետ:
«Ջավան» օրաթերթ
Մենք և Միացյալ Նահանգների ընտրությունները
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամի դեմ ուղղված լրատվական ռումբի վերածված «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. հուշեր Սպիտակ տնից» գրքի մի հատվածում, Ջոն Բոլթոնն անդրադարձել է Իրանի նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության ձախողման պատճառներին: Նշելով, որ Թրամփն ամեն հնարավորություն օգտագործում էր ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթելու համար, Բոլթոնը գրել է. «Գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հրամանը նույնպես կապված է եղել 2020-ի ընտրություններում հաղթելու Թրամփի ծրագրերի հետ»:
Թեև Բոլթոնի բացահայտումն անմիջապես հերքվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից, սակայն դա ցույց է, որ տալիս Թրամփը ձեռնունայն է, հետևաբար փորձում է ամեն առիթ օգտագործել՝ առաջիկա ընտրություններում իր դիրքերն ամրապնդելու համար: Նույնիսկ Թրամփին հովանավորող Fox News լրատվամիջոցը թերահավատորեն է վերաբերվում առաջիկա ընտրություններում նրա հաղթանակին:
«Քեյհան» օրաթերթ
Սիոնիստական աղբյուրներ. «Հեզբոլլահի դեմ պատերազմելու դեպքում, խմբավորումն օրական 1000 հրթիռ կարձակի Իսրայելի ուղղությամբ»
Սիոնիստական ռեժիմի անվտանգության ավագ պաշտոնյաները խոստովանել են, որ իսրայելցիների համար վատագույն սցենարը Հեզբոլլահի կողմից Իսրայելի ուղղությամբ օրական ավելի քան 1000 հրթիռների արձակումն է: Եթե Հեզբոլլահի ռազմական թևը հարձակման կանաչ լույս ստանա, ծավալուն հարձակում կիրականացնի Իսրայելի դեմ:
Սիոնիստական ռեժիմի անվտանգության նախկին պաշտոնյա Ավիգդոր Լիբերմանն ասել է.«Հեզբոլլահը նման է մի բանակի և նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ շատ երկրներ չունեն այն զենքերը, որ ունի այդ խմբավորումը: Հեզբոլլահն Իսրայելի թիվ մեկ թշնամին է»:
«Աֆթաբ-ե յազդ» օրաթերթ
Պուտինն այլընտրանք չունի
Պատմական հարցերի և քաղաքական փորձերի առումով, ռուսների համար անվտանգությունն ավելի կարևոր է քան ազատությունը, այսինքն` եթե Ռուսաստանի քաղաքացիներին հարցնեն անվտանգությունն է կարևոր թե՞ ազատությունը, նրանք, անվարան կպատասխանեն՝ անվտանգությունը: Եվ այս հանգամանքը կարող է համարվել կարևոր խնդիր՝ Ռուսաստանի հանրային մտքի համար: Թեև սա լուրջ խնդիր է, սակայն այս պահին, այդ երկրում չկա Պուտինին փոխարինելու համար վստահելի և հուսալի անձ: Իհարկե այս երևույթը քաղաքական հարթակներում կարող է այդ երկրին կանգնեցնել լուրջ մարտահրավերների առաջ: Ամեն դեպքում, հավասար մրցակից չունենալու պատճառով Պուտինը մնում է երկրի ապագա ղեկավարի միակ թեկնածուն:
«Իրան» օրաթերթ
Չինաստանը վիզային սահմանափակումներ կկիրառի ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ
Որոշ ժամանակ առաջ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է մտցնում Չինաստանի պաշտոնյաների նկատմամբ՝ «Հոնկոնգյան ինքնավարությունը խաթարելու և մարդու իրավունքները խախտելու պատճառով»:
Արձագանքելով ԱՄՆ-ի այդ որոշմանը, Չինաստանը հայտարարել է,որ վիզային սահմանափակումներ է կիրառելու ամերիկացի պաշտոնյաների նկատմամբ:
Armenpress.am
Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել հայուհի Ժանն Բարսեղյանը
Ֆրանսիական Ստրասբուրգի քաղաքապետ է ընտրվել Ֆրանսիայի կանաչների կուսակցության ներկայացուցիչ, հայուհի Ժանն Բարսեղյանը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ժանն Բարսեղյանը Հայաստանի առաջին Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Պերճուհի Պարտիզպանյան-Բարսեղյանի ծոռնուհին է։
Բարսեղյանը ծնվել է 1980 թվականի դեկտեմբերի 6-ին Սյուրեն քաղաքում:
1998 թ-ից Փարիզում, Մյունստերում և Բեռլինում ուսանել է ֆրանս-գերմանական իրավագիտության ֆակուլտետներում։
Ստրասբուրգում Ժաննը ստեղծել է Պարույր Սևակի անունը կրող «Սևակ» ասոցիացիան, որտեղ էլ աշխատանքային 2 տարվա ընթացքում սովորել է հայոց լեզու և ծանոթացել մշակույթին։
2016-ին նա մասնակցել է Arte-ի «Ճանապարհորդություն դեպի Անատոլիա» վավերագրական ֆիլմի նկարահանումներին։
2020 թվականի մարտի 15-ին Ստրասբուրգում կայացած քաղաքապետի ընտրությունների 1-ին փուլում Ժանն Բարսեղյանը դարձել է առաջատար, իսկ հունիսի 28-ին կայացած 2-րդ փուլը հաղթանակելով ընտրվել է Ստրասբուրգի քաղաքապետ և պաշտոնավարելու է առաջիկա 6 տարում։
Ժանն Բարսեղյանը ընտրությունների առաջին փուլից հետո վարակվել էր Covid-19 համավարակով, սակայն 5 շաբաթ անց, մեծ դժվարությամբ ապաքինվել։
Tert.am
«Թուրքիայի տնտեսական վիճակն անհանգստության տեղիք է տալիս». Աբդուլլահ Գյուլ
Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ Թուրքիայի տնտեսական վիճակը լուրջ անհանգստությունների տեղիք է տալիս: Այս մասին տեղեկացնում է Gazete Duvar պարբերականը:
«Վերջին երկու տարիներին Թուրքիայի տնտեսության մեջ առաջացած ճգնաժամն է՛լ ավելի խորացավ կորոնավիրուսի համավարակի հետևանքով, այն հասնում է տագնապալի մակարդակի` լուրջ անհանգստության տեղիք տալով: Կարճաժամկետ հեռանկարում նախ պետք է ազատականացնել Թուրքիայի քաղաքական մտածողությունը, բարելավվել ներդրումային միջավայրը և այնպիսի քաղաքականություն վարել, որը վստահություն կներշնչի Թուրքիայի նկատմամբ»,-հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահը:
Գյուլը հայտարարել է նաև, որ Թուրքիայի տնտեսական ցուցանիշները վկայում են երկրի հետընթացի մասին:
«2002 թվականին առկա քաղաքական կամքը տարիների ընթացքում թուլացել է: Ժամանակի հետ տեսլականն էլ է կորել: Պետական ծախսերն այսօր թափանցիկ չեն: Այս դեպքում Թուրքիան վերածվում է անկանխատեսելի երկրի: Զգացվում է երկարաժամկետ հեռանկարում վերլուծության ու փորձաքննության վրա հիմնված ռազմավարության բացակայություն: Մենք հիանալի պատրաստակամություն ունեինք, երբ «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջին կառավարություններն էինք ստեղծում: Ներդրողների համար ամեն ինչ թափանցիկ ու պարզ էր: Տարեկան ավելի քան 30 միլիարդ դոլարի ներդրում էր գալիս: Այն, որ վերջին 5 տարիներին տեղի ունեցածի հետևանքով մենք դեռ ոտքի վրա կանգնած ենք, արդյունքն է առաջին 5 տարիներին տնտեսության մեջ ստեղծված կառուցվածքային հիմքերի»,-նշել է Գյուլը:
Թուրք նախկին առաջնորդը նշել է նաև, որ Թուրքիայի համար շատ վտանգավոր է սղաճը, որը վերադարձել է երկնիշ տվյալներով և կախվել է երկրի գլխին:
Հիշեցնենք, որ Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2007-2014 թվականներին:
Armenpress.am
ԱՊՀ-ում անհանգստացած են Ուկրնինայում եւ Վրաստանում ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունից
Ամերիկյան կենսալաբորատորիաների անվանգությունն Ուկրանիայում եւ Վրաստանում անհանգստություն Է հարուցում այդ երկրներում պետական կառավարման խնդիրների պատճառով: Ինչպես տեղակացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Անդրեյ Նովիկովը:
«Իրադրությունը, որի մեջ հայտնվել Է ամբողջ աշխարհը, ի հայտ Է բերել մի այլ խնդիր, ԱՊՀ-ի երկներին սահմանակից մի շարք երկրների տարածքում կենսալաբորատորիաների բացումը, որոնք պատկանում են ամենից հաճախ արտասահմանյան գերատեսչություններին եւ հիմնադրամներին: Առանձնահատուկ մտահուգություն Է առաջացնում ամերիկյան կենսալաբորատորիաների անվտանգությունն Ուկրաինայում եւ Վրասատնում՝ հաշվի առնելով պետական կառավարման խնդրիրներն այդ երկրներում»,- ասել Է Նովիկովը:
Նրա խոսքով՝ «որոշակի հանգամաքներում» կեսանյութերի արհոսքի ռիսկերն այնուամենայնիվ գոյություն ունեն: Դա չի վերաբերում ահաբեկչությունը, բայց հնարավոր են բացասական հետեւանքների սպառնալիքներ, ինչպես ցանկացած բարձրտեխնոլոգիական գործընթացում:
Ըստ Էության, ներկայիս համավարկի փորձը կարող Է պատկերացում տալ կենսանյութերի կորստի կամ չվերահսկվող արտահոսքի հետեւանքների մասին, որոնք սպառնալիք են ներկայացնում մարդու կյանքի եւ առողջության համար»,- եզրափակել Է ԱՊՀ-ի Հակահաբեկչական կենտրոնի ղեկավարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armedia.am
Պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ. Արայիկ Հարությունյանն առաջնագիծ է այցելել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 28-ին պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի և պաշտոնատար այլ անձանց ուղեկցությամբ այցելել է հանրապետության հարավ-արևելյան սահման և տեղում ծանոթացել առաջնագծի իրավիճակին:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել առաջնագծում իրականացվող կահավորման ու նոր զինատեսակներով համալրման աշխատանքները և այդ ուղղությամբ բանակի հրամկազմին տվել նոր ցուցումներ: Արայիկ Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից շարունակվող ռազմատենչ հայտարարությունները վկայում են այն մասին, որ պաշտոնական Բաքուն դեռևս պատրաստ չէ Արցախի իշխանությունների հետ քննարկել խաղաղության օրակարգ, ուստի պետք է գործադրվեն բոլոր ջանքերը հակառակորդի կողմից ռազմական հնարավոր արկածախնդրությունները կասեցնելու և արժանի հակահարված տալու համար: