Մամուլի տեսություն 01 . 07 . 2020
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i122352-Մամուլի_տեսություն_01_._07_._2020
Ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները Նյու Յորքի Սիթի Հոլում ինքնավարություն են հռչակել և տարածքից հեռացրել են ոստիկաններին:
(last modified 2026-04-28T14:25:26+00:00 )
Հուլիս 01, 2020 13:10 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 01 . 07 . 2020

Ռասիզմի դեմ բողոքող ցուցարարները Նյու Յորքի Սիթի Հոլում ինքնավարություն են հռչակել և տարածքից հեռացրել են ոստիկաններին:

Մարդոմսալարի օրաթերթ

Եվրոպայի քննությունը՝ 2231 բանաձևի վերաբերյալ

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևը համաշխարհային տերությունների հետ միջուկային բանակցություններում Իրանի կարևորագույն դիվանագիտական ​​նվաճումներից է: Բանաձևի արդյունքում, Իրանի նկատմամբ չկիրառվեց ՄԱԿ-ի կոնվենցիայի 7-րդ հոդվածը: Բանաձևի համաձայն, այս տարի ավարտվում է մոտ 4 տասնամյակ տևած Իրանի զենքի էմբարգոյի ժամկետը: Այս պատժամիջոցներով, ՀԳՀԾ-ի ստորագրումից առաջ, Իրանին արգելվում էր զենք գնել:

Որքան այդ ժամկետը մոտենում է և լրանում է ՀԳՀԾ-ի սոտորագրման հինգերորդ տարին, մոտենում է նաև   միջազգային շրջանակներում ազդեցություն ունեցող երկրների համար պատմական օրը, քանի որ նրանք պետք է ընտրեն միակողմանի ու բազմակողմ համաշխարհային համակարգի միջև:

 

Քեյհան օրաթերթ

ԱՄՆ Միննեապոլիս քաղաքում սպիտակամորթ ոստիկանի կողմից սևամորթ Ջորջ Ֆլոյդի սպանությունից հետո, այդ երկրում ծայր առած բողոքի ցույցերը  շարունակվում են արդեն քառասուներորդ օրը: Սիեթլից հետո, այս անգամ ինքնավարություն են հայտարարել Նյու Յորքի բողոքարարները, որոնք տարածքից հեռացրել են ոստիկաններին և գիշերն անցկացրել փողոցներում: Ցուցարարները պահանջում են բարեփոխումներ իրականացնել ոստիկանության կառույցում:

Նախագահ Թրամփը, նախորդ շաբաթ Թվիթերում արած գրառման մեջ հայտարարել էր. «Քանի դեռ ես ԱՄՆ նախագահն եմ, Միացյալ Նահանգներում երբեք չի լինելու ինքնավար մարզ: Եթե նրանք փորձեն շարունակել, մենք կկանգնեցնենք նրանց»:

 

Էբթեքար օրաթերթ

ԱԽ-ն քվեարկեց հօգուտ Իրանի և ընդդեմ ԱՄՆ-ի

ՄԱԿ-ի ԱԽ նիստում իր ելույթը, ԻԻՀ ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը սկսեց՝ մեջբերելով նախկին վարչապետ և նավթի ազգայնացման հարցում կարևոր դերակատարություն ունեցած Մուհամմադ Մուսադդեղին: Նա հայտարարեց. «Ես ցանկանում եմ իմ ելույթը սկսել Մուհամմադ Մոսադդեղի բառերով, ով 59 տարի առաջ իր ելույթում հայտարարեց. «Անվտանգության խորհուրդը ձևավորվել է, որպեսզի մեծ ու փոքր ժոողովուրդները նստեն մեկ սեղանի շուրջ և աշխատեն խաղաղություն պահպանելու ՄԱԿ-ի սկզբունքների ու նպատակների ուղղությամբ: Սակայն Անվտանգության խորհուրդը չի կարողանա կատարել իր առաքելությունը, եթե գերտերությունները չհարգեն դրա  սկզբունքները, որոնց վրա այն հիմնված է»: Երկու տարի անց, Մուսադդեղը սպանվեց հեղաշրջման հետևանքով»:

 

Արմանե մելլի օրաթերթ

Թրամփը կհրաժարվի՞ առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցությունից

ԶԼՄ-ներում շրջանառվող որոշ լուրերի համաձայն, Թրամփը կարող է հրաժարվել առաջիկա նախագահական ընտրություններին մասնակցությունից: Այս մասին գրել է նաև Թրամփին մոտ կանգնած Fox News-ը: Որքանո՞վ են սակայն այդ լուրերը ճշմարտացի:

Ստեղծված իրավիճակում կարևոր է այն, որ նախագահական ընտրություններին մնացել է մոտ երկու ամիս և այն, թե ինչ է կատարվում ներկայումս այդ երկրում: Այս ընթացքում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք կփոխեն ընտրությունների արդյունքները: Հարկ է  նշել նաև, որ ներկա դրությամբ, ԱՄՆ-ում աճել են Թրամփի դեմ ուղղված քննադատությունները:

 

armenpress.am

Եթովպիայում 50 մարդ Է զոհվել երգչի սպանությունից հետո ծայր առած ընդհարումների ժամանակ

Առնվազն 50 մարդ Է զոհվել Եթովպիայի Օրոմիայի նահանգում ծայր առած անկարգությունների ընթացքում, որոնք բռնկել են երաժիշտ եւ քաղաքական ակտիվիստ Հաակաալուու Հունդեսաայի սպանությունից հետո: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 1-ին այդ մասին հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին: Ավելի վաղ Reuters-ը, վկայակոչելով Ադամա քաղաքի (Օրոմիայի նահանգ) կենտրոնական հիվանդանոցի գլխավոր բժշկին, հաղորդել Է ընդհարումների ընթացքում ութ զոհվածների եւ 80 տուժածների մասին:

Ավելի ուշ Եթովպիայի մայրաքաղաք Ադիս Աբեբայում տեղի Է ունեցել երեք պայթյուն, զոհերի թվի եւ պատահարի այլ մանրամասնությունների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել: Հունիսի 30-ի առավոտվանից երիտասարդները մեծ խմբերով հավաքվել են Օրոմիայի նահանգի քաղաքներում եւ Ադիս Աբեբայում այն բանից հետո, երբ հայտնի Է դարձել 36-ամյա Հաակաալուու Հունդեսաայի սպանության մասին:

Ցուցարարներն այրել են ավտոդողեր եւ վանկարկել հակակառավարական կագախոսներ: Մի քանի վայրերում տեղի են ունեցել անկարգություններ եւ ընդհարումներ ոստիկանության հետ: Реклама 12 Հաակաալուու Հունդեսաան, որը պատկանում Է Եթովպիայում ամենամծաթիվ օրոմո ազգությանը, լայն հռչակ Է ձեռք բերել այն բանից հետո, երբ հայտնվել Է բանտում իր քաղաքական գործունեության համար: Ավելի ուշ նա մասնակցել Է հակակառավարական բողոքներին, որոնք հանգեցրեցին երկրի ներկայիս վարչապետ Աբիյ Ահմեդի՝ իշխանության գլուխ անցնելուն: Միաժամանակ աճել Է նրա՝ որպես երգչի ժողովրդականությունը: Հաակաալուու Հունդեսաային գնդակահարել են հունիսի 29-ի երեկոյան մայրաքաղաքի թաղամասերից մեկում: Ոստիկանությունը ձերբակալել Է սպանության մի քանի կասկածյալների: Երգչի հուղարկավորությունը տեղի կունենա հուլիսի 2-ին նրա հայրենի Ամբո քաղաքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

armenpress.am

Կանադայի դրամահատարանը հատուկ մետաղադրամ Է թողարկել համավարակի դեմ պայքարող բժիշկների պատվին

Կանադայի դրամահատարանը հատուկ մետաղադրամ Է թողարկել բժիշկների, կամավորների, մթերային խանութների աշխատակիցների եւ մյուս այն աշխատողների պատվին, որոնք կյանքի համար վտանգավոր պայմաններում դիմակայում են նոր կորոնավիրուսի համավարակին եւ այս դժվարին ժամանակ Կանադայի բնակչությանն ապահովում անհրաժեշտ ամեն ինչով: Այդ մասին տեղեկատվությունը, ինչպես հաղորդում Է «Արմենպրես»-ը, զետեղված Է գերատեսչության կայքում:

Նիկելապատ մետաղադրամի մի կողմում պատկերված Է սիրտ, որը խաչաձեւված Է Կանադայի խորհրդանշան թխկենու տերեւով: Մյուս կողմում պատկերված Է գրկախառնված մարդկանց խումբ, որոնք կանգնած են մեծ սրտի կենտրոնում: Նրանց ներքեւի մասում գրված Է «Շնորհակություն» բառը՝ անգլերեն եւ ֆրանսերեն, որոնք երկրի պաշտոնական լեզուներն են:

Բացի այդ, մետաղադրամին փակցված Է մագնիս, այնպես որ այն կարելի Է կրել, օրինակ, պիջակի դարձածալին: Այդ մետաղադրամի արժեքը կազմում Է կանադական 9 դոլար եւ 95 ցենտ (շուրջ 7,5 դոլար): Այն կարելի Է գնել միայն առցանց պատվերով: Վաճառքից ստացված ողջ փողերը կփոխանցվեն նոր կորոնավիրուսի դեմ պայքարի կանադական բարեգործական հիմնադրամին:

«Այս նախագծով Կանադայի դրամահատարանը ցանկանում Է շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք համավարակի ժամանակ ամբողջ երկրով մեկ օգնում են կանադացիներին»,-ասվում Է Դրամահատարանի ղեկավար Մարի Լեմեի հայտարարության մեջ: Կանադայում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը գրանցվել Է հունվարի 15-ին, ներկայում վարակվել Է ավելի քան 104 հազար մարդ, նրանցից գրեթե 8,6 հազարը մահացել են, 67,5 հազարն արդեն ապաքինվել են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

panarmenian.net

500 մ սեղանով տոնական ընթրիք Պրահայում՝ կարանտինի ավարտի առթիվ

 Հունիսի 30-ին Պրահայում կարանտինի ավարտի առթիվ քաղաքացիների համար տոնական ընթրիք է կազմակերպվել, 500 մետրանոց սեղան գցվել, փոխանցում է TJournal-ը։

Քաղաքի պատմական՝ Կառլի կամրջի վրա կազմակերպված ընթրիքին տեղացիները բերել են ուտելիք և խմիչք։

Միջոցառման կազմակերպիչ Օնդրեյ Կոբզի խոսքով՝ այն խորհրդանշում է, որ տեղացիներն այլևս չեն վախենում փողոց դուր գալ։

Մարտի կեսից Չեխիան Եվրոպայի առաջին երկրներից մեկն էր, որտեղ կորոնավիրուսի հետ կապված խիստ սահմանափակումներ մտցվեցին։ Հունիսի 30-ի դրութամբ 10 մլն-ից ավելի բնակչությւոն ունեցող երկրում արձանագրվել է վարակի 12,000-ից պակաս դեպք։

 

panarmenian.net

Իտալական Վոյում բոլորին թեստավորելուց հետո պարզվել է՝ 40%-ն ասիմպտոմ վարակված են

 Կորոնավիրուսի վարակի ուսումնասիրությունը, որն ընդգրկել է Իտալիայի հյուսիսային Վո քաղաքը, փաստել է, որ վարակակիրների 40%-ի դեպքում սիմպտոմներ չեն լինում, փոխանցում է Reuters-ը։

Հետազոտությունն արժեքավոր է այնքանով, որ արձանագրում է՝ կորոնավիրուսի տարածման գործում էական ազդեցություն են ունենում նաև ասիմպտոմ վարակվածները։

Հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ զանգվածային թեստավորումը և վարակակիրների մեկուսացումը կարող են կանխել լոկալ բռնկումները։

Խմբի ղեկավար Անդրեա Քրիսանտիի խոսքով՝ կորոնավիրուսի տարածումը հնարավոր է վերահսկել բոլոր քաղաքացիների թեստավորմամբ՝ անկախ նրանից ունեն սիմպտոմներ, թե՝ ոչ։

Մոտ 3200 բնակիչ ունեցող իտալական Վոյում կարանտինի սկզբում բնակչության 2.6%-ն է վարակված եղել (73 մարդ), երկու շաբաթ հետո ընդամենը 29 վարակակիր է եղել։ Երկու դեպքում էլ հաստատված վարակակիրների մոտ 40%-ը չեն ունեցել սիմպտոմներ։ Ըստ հետազոտողների՝ հայտնաբերված բոլոր վարակակիրները՝ սիմպտոմով թե ասիմպտոմ, մեկուսացվել են, այդ պատճառով էլ հիվանդության ընթացքը հնարավոր է եղել դանդաղեցնել մի քանի շաբաթվա ընթացքում։

Իտալիան Եվրոպայում կորոնավիրուսի տարածման հիմնական օջախներից մեկն էր՝ սկսած մարտից։ Հուլիսի 1-ի դրությամբ այնտեղ 240,000 հաստատված դեպք է գրանցվել։